Վլադիմիր ՖԵԴՈՍԵԵՎ․ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻՆ ՀԵՇՏ Է ՏՐՎՈՒՄ»

Հայ երաժիշտների նվագելու վրա ազդում է այն սերն ու բարությունը, որն ապրում է նրանց հոգում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխարհահռչակ դիրիժոր, Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Վլադիմիր Ֆեդոսեևը։

«Հայերն այնքան բարի են, այնքան դրական։ Եվ այս ամենը ազդում է նրանց կատարած երաժշտության վրա: Դուք ապրում եք սիրով, միմյանց նկատմամբ հարգանքով: Դուք հոգով հարուստ մարդիկ եք», - ասաց մաեստրոն։

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե որքանով է ռուսական երաժշտությունը տրվում հայերին (ավելի վաղ Ֆեդոսեևը հարցազրույցում նշել էր, որ արևմտյան երաժիշտներին, անգամ ամենատաղանդավորներին, ռուսական երաժշտությունը դժվարությամբ է տրվում, քանի որ այն իր մեջ աստվածատուր խորհուրդ է թաքցնում), դիրիժորը պատասխանել է, որ շատ արագ։

«Հայ երաժիշտներին այն առավել արագ է տրվում։ Երբ օտարերկրացին ռուսական երաժշտություն է կատարում, թեկուզ նա հիանալի երաժիշտ լինի, միևնույն է, ինչ-որ բան պակասում է։ Իսկ ձեր դեպքում այլ է: Այնպես որ, ես նույնիսկ խոսելու կամ նվագախմբին ինչ-որ բան բացատրելու կարիք չունեմ: Հիանալի նվագախումբ է, «լսում» է ձեռքս։ Միայն ձեռքս թափահարեցի, և վերջ, բավական է», – ասաց Ֆեդոսեևը և ավելացրեց, որ հայերն ու ռուսները հոգով մտերիմ ժողովուրդներ են և «հավատում են մեկ Աստծուն», ինչը շատ կարևոր է։

Владимир ФЕДОСЕЕВ: 'РУССКАЯ МУЗЫКА ДАЕТСЯ АРМЯНАМ ЛЕГКО'

Մյուս կողմից, ըստ նրա, հայկական երաժշտությունը նույնպես դժվար է կատարել, և ոչ ոք չի կարող այն անել այնպես, ինչպես անում են հայերը, ովքեր «մայրական կաթի հետ են այն ներծծել»։

«Կար մի շրջան, երբ մենք շատ էինք հայկական երաժշտություն նվագում։ Կատարում էինք գրեթե բոլոր հայ կոմպոզիտորների աշխատանքները», - նշեց մաեստրոն։

Պատասխանելով իր ստեղծագործական ուղու մասին հարցին՝ Ֆեդոսեևը նշեց, որ ժամանակին Վիեննան իրեն շատ է օգնել՝ «ձեռքը մեկնելով և ազատելով ցանկացած տհաճություններից»։

«Ես, ի վերջո, ռուսական ժողովրդական գործիքների նվագող եմ, սկսել եմ ժողովրդական նվագախմբում։ Եվ երբ Վիեննան ինձ գլխավոր դիրիժոր հայտարարեց, բոլորն ապշեցին...», - ասաց մաեստրոն։

Նոյեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժորը ելույթ կունենա անվանի դաշնակահար Միխայիլ Պլետնևի հետ:

«Մենք շատ ենք համագործակցել։ Որոշ ժամանակ անարդար ճակատագիրը մեզ բաժանեց, բայց այստեղ մենք հանդիպեցինք՝ ողջագուրվեցինք և հիշեցինք ամեն ինչ։ Կարևոր չէ՝ որտեղ ենք ապրում, երաժշտությունը մեզ ավելի է մոտեցնում, պատմությունները մեզ ավելի են մոտեցնում: Իսկ դուք մեզ օգնել եք հանդիպել», - ասաց դիրիժորը։

Դաշնակահարն իր հերթին նշեց, որ շատ ուրախ է առաջիկա համատեղ համերգի համար։

«Մեզ իսկապես հաջողվեց այստեղ հանդիպել՝ շնորհիվ այս հրավերի և հայ ժողովրդի։ Մենք առաջին անգամ չենք այստեղ։ Նույնիսկ չեմ համարձակվում հաշվել համերգների քանակը, որոնք մենք միասին նվագել ենք։ Իսկ վաղը մենք ձեզ համար կնվագենք Պյոտր Իլյիչի առաջին կոնցերտը, որից մենք սկսեցինք մեր համագործակցությունը։ Չեմ համարձակվի ասել, թե քանի տարի առաջ էր դա», - ավելացրեց Պլետնևը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ լեգենդար երաժիշտները կկատարեն Չայկովբկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և թիվ 5 սիմֆոնիան։

«Պրիմավերա» հիմնադրամի (Primavera Foundation) աջակցությամբ անցկացվող համերգը նվիրված է Վլադիմիր Ֆեդոսեևի 90-ամյակին։

Sputnik Արմենիա