Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԵՍ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՂ» ՉԵՄ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անցած գիշեր ուղիղ եթերով ամփոփել է նախորդ օրը։ Նրան չի ուրախացրել իրեն չձերբակալելու փաստը. «Լավ չի։ Ես ասել եմ, ինձ ձերբակալելով, կալանավորելով չեն վախեցնի։ Եթե այդպիսի բան լինի, ապա կամ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ ես Նիկոլի քաղաքական դիակը վերջապես դուրս կբերեմ այդ կաբինետից։ Նիկոլը պատրաստ չէ այդ երկընտրանքին։ Առաջին պատճառը սա է, որ ինձ չեն ձերբակալել»։
Աշոտյանի խոսքով, երկրորդ պատճառը ԵԺԿ գլխավոր քարտուղարի թվիթերյան գրառումն է, որով քննադատեց այս իշխանություններին. «Շատ արագ եվրոպական քաղաքական հանրությունից եղավ արձագանք. եվրոպական ամենախոշոր կուսակցության գլխավոր քարտուղարը թվիթերյան իր էջում գրառում կատարեց ու խստորեն դատապարտեց այս իշխանությունների գործողությունները։ Սա որոշակի հստակ զսպող մեխանիզմ հանդիսացավ փաստորեն այս խունտայի համար»։
ՔԿ-ում Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրել երկրից հեռանալու արգելքը, ինչը, ըստ քաղաքական գործչի, խոչընդոտ է իր արտաքին քաղաքական աշխատանքի համար։
«Քաղաքական գործունեության մեջ իմ երկրի, իմ ժողովրդի, Արցախի շահերը ներկայացնելը իմ «ալֆան և օմեգան» է: Ինձ զրկելով միջազգային հնարավորություններից, սահմանափակելով այդ հնարավորությունները մեծ խոչընդոտ է լինելու արտաքին քաղաքական աշխատանքի համար, հետևապես ՝ նաև մեր շահերի ներկայացման համար՝ արտերկրում»,-ասաց նա։
Մեղադրանքի մասին խոսելիս Աշոտյանն այն որակեց զավեշտ։
«Փողերի լվացում։ Չէ մի չէ, մի հատ էլ տրաֆիկինգի հոդված դնեիք, մարդու օրգանների առևտրի կամ էլ իսլամիստական ահաբեկչության։ Ինձ մեղադրանք է առաջադրվել մեկը մյուսից զավեշտալի հոդվածներով:
Նախարար լինելը չէր պայմանավորում բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը, հետևաբար, պաշտոնական դիրքի չարաշահում տեսնելու համար պետք է աշխարհին նայել կա՛մ Նիկոլի աչքերով, կա՛մ լինել շատ ծանր թմրամիջոցների ազդեցության տակ:
Ֆեյսբուքում կատակների, կսմիթների առարկա է դարձել «փողերի լվացման» մեղադրանքը:
Մեզ համար զավեշտալի այդ հոդվածը, սակայն, միջազգային, եվրոպական հանրության մեջ շատ ծանր հոդված է (money laundering): Նիկոլի փորձերն ինձ գցել իմ եվրոպացի գործընկերների աչքերում, «հուշտ» անել նրանց ՝ սին են: Նիկոլ Փաշինյանը չի հաջողելու. այդ հոդվածը հայոց այբուբենի «երկրորդ տառի շառ է»:Իրավապահ համակարգն ու Քննչական կոմիտեն շարադրությունների մրցույթ էին հայտարարել՝ ով Աշոտյանի վրա «դանոս» կգրի: Քանի որ մրցույթին ոչ մեկ չմասնակցեց, որոշեցին իրենք գրել մի շարադրություն:«Դանոս» Աշոտյանի վրա շարադրության մրցույթում, ամենադրամատիկ անվանակարգում հաղթող է ճանաչվել ՔԿ և դատախազության կողմից մոգոնված տեքստը: ՔԿ-ն և Դատախազությունը ինչպես Զիտան և Գիտան են, Մարքսը և Էնգելսը: Բոլոր փաստաթղթերը թվագրված են 16.11-ով, մինչդեռ իմ ելքը ՀՀ-ից արգելվել էր դեռևս առավոտյան. ակնհայտ է, որ կայացվել է քաղաքական որոշում, որից հետո կցվել էր, «թխվել» էր մակուլատուրա:Իմ դեմ գործ հարուցելը փորձ է ինձ լռեցնելու և շեղելու բուն օրակարգից, որից Նիկոլի համապատասխան տեղերը մրմռում են»,-մանրամասնեց Աշոտյանը։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա խոսեց նաև ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին.
«Նիկոլն այնքան էր կարևորում արցախյան «խաղաղության պայմանագրի» շուրջ զրույցը, որ ԱԺ-ում խախտվեց ԱԺ կանոնակարգ-օրենքը. վարչապետ կոչվող էակը մեներգեց այնքան, որքան ուզեց: Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց ՝ ՀՀ քաղաքական դաշտում կա կոնսենսուս ՝ ռուսական տարբերակի շուրջ: Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ի և «Պատիվ ունեմ»-ի դասակարգման մեջ տարբերակները չեն դիտարկվում ըստ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ծագման երկրի կամ մայրաքաղաքի:
Մենք ասում ենք մեր սկզբունքները և որ տարբերակի մեջ այդ սկզբունքները պահպանված կլինեն, այդ տարբերակն էլ, որպես սկզբունքից բխող հետևանք, կլինի ընդունելի: Մեզ որակն է պետք, չենք նայելու «made in» որտեղ է: Նիկոլն ասում էր ՝ ոտքով, գլխով, ձեռքով, բոլոր հնարավոր և անհնար դիրքերով 2021-ի հունվարից սատարում է ռուսական տարբերակը:
ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ.
.Դուք հիշու՞մ եք որևէ դեպք, 2021-ի հունվարից սկսած, որ Նիկոլը սատարում է ռուսական տարբերակը, դուք առհասարակ գիտեի՞ք, որ կան տարբերակներ:
.2 շաբաթ առաջ Նիկոլը հայտարարում էր, որ 2022-ի սեպտեմբեր ամսից է սատարում այդ տարբերակը, իսկ հիմա ՝ 2021-ի հունվարից է նշում:
.2021-ի հունվարից ռուսական տարբերակին սատարող «տղեն» իր ընտանեկան թերթում ընդդեմ ռուսների հոդված կգրի՞:
.Ռուսական տարբերակ սատարող մարդն ասում է ՝ մենք վերջերս, Վաշինգտոնում ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր առաջարկությունները «խաղաղության» պայմանագրի հետ կապված:
.Խելագարվել կարելի է, եթե դու սատարում ես ռուսական տարբերակը, Վաշինգտոնում, какого хрена, առաջարկ ես փոխանցում:
.Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՛ Արարատ Միրզոյանն ասում էին պետք է տարանջատենք արցախյան հիմնախնդիրը հայ-ադրբեջանական համաձայնագրից:
.Այսօր Նիկոլն ասում է, եթե Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորված լինի, համաձայնագիրը պատրաստ ենք կնքել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Ռուսական տարբերակի մեջ չկա Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պահպանման նոր մեխանիզմների հարց Ադրբեջանի ներառմամբ 2 պատճառով.
1. Ռուսական տարբերակում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորքն է:
2. Ռուսական տարբերակը չի սևեռվում անվտանգության և իրավունքների վրա, որովհետև ասվում է ՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգում ենք:
.Նիկոլ Փաշինյանը գողացել է ընդդիմության խոսույթը և մի քանի օր է «ազգային գործիչ» է խաղում, բայց տակից «թսան բլոճի» հոտը մնում է:
.Մի՛ կերեք Նիկոլ Փաշինյանի ՝ վարելահողի «կտերը»:
.Ես «փողերի լվացող» չեմ, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,-ասաց նա։