«Փաստ»․ ՊԱՅՔԱՐ ԵՐԿՐՈՐԴ, ՄԻԳՈՒՑԵ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացածն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Այժմ պետական ու ֆինանսական ռեսուրսները ներսում ձևավորել են դեմքերի։ Եվ այժմ ակնհայտ է, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղի համար, որը առաջիկայում կարող է վերածվել առաջինի։
Իշխանական կուսակցության մեր աղբյուրը հայտնում է, որ այս պահին ակտիվ պայքարի մրցակցության մեջ է առաջին հերթին Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի ձեռքում կենտրոնացած է լուրջ պաշտոնեական ռեսուրս՝ բանակը՝ թիվ 1 ուժային կառույցը։ Պաշտպանության նախարարները միշտ համարվել են երկրորդ ամենից մեծ ազդեցություն ունեցողը պետության ղեկավարից հետո (Լևոն ՏերՊետրոսյանի ժամանակ՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի օրոք գուցե մի որոշ շրջան՝ Սեյրան Օհանյանը)։ Սուրեն Պապիկյանն ունի լուրջ կադրային ռեսուրս իշխանական կուսակցության և պետապարատի ներսում, ֆինանսական անկախություն է կարողացել ձեռք բերել այս ընթացքում։ ՔՊ թիմի ներսում ևս ընկալելի անձ է եղել միշտ, իսկ հիմա՝ առավել ևս, և դա փաստվել է համագումարում գրանցված արդյունքներով (առաջին տեղում՝ Փաշինյան՝ 945 ձայն, երկրորդը՝ Պապիկյան՝ 809 ձայն):
Սուրեն Պապիկյանի գլխավոր առավելություն է դիտվում այն, որ նրա անվան հետ չի կապվում պատերազմի խայտառակ պարտությունը. այդ ընթացքում եղել է ընդամենը տարածքային կառավարման նախարար՝ հիմնականում զբաղվելով ասֆալտապատման և շինարարական աշխատանքներով։ Այնպես որ, հավանական մասնակի իշխանափոխության պարագայում Պապիկյանը կուսակցությունում հարմար թեկնածու է դիտվում ՔՊ կողմից՝ Փաշինյանին փոխարինելու համար։ Ըստ մեր աղբյուրի, Սուրեն Պապիկյանն այս պահին մրցակցության մեջ է Տիգրան Ավինյանի հետ։ Վերջինս ևս հաջողացրել է իշխանության 4,5 տարվա ընթացքում լուրջ ռեսուրսներ կուտակել իր ձեռքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ թիմային ազդեցության։ Գործարարների հետ բավականին սերտ կապեր է հաստատել, ինչպես նաև, մեր աղբյուրի պնդմամբ, իշխանության հետ կապված բիզնեսների, խոշոր գործարար շրջանակների հետ աշխատանքներն իրականացնում է հենց Ավինյանը։
Ավինյանը ևս պարտության խորհրդանիշներից չէ, ընդհակառակը, նա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ. օգոստոսին, հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, անցավ մասնավոր սեկտոր, ինչից հետո սկսեց իր ստվերային գործունեությունը։ Այժմ ժամանակավոր Երևանի փոխքաղաքապետ է, հայտարարվել է որպես ՔՊ թեկնածու՝ 2023թ. քաղաքապետի ընտրություններում։ Տեսանելի է, որ տևական ժամանակ է, ինչ սկսել է լայնամասշտաբ նախընտրական այցերը, սակայն առնվազն նկատելի է, որ սա քարոզարշավ չէ զուտ Երևանի ավագանու ընտրությունների համար, մեր աղբյուրը շեշտում է, որ Ավինյանը ավելի բարձր նպատակներ ունի, և սա ընդամենը առիթ է։ Արտաքուստ այս պահին որևէ առճակատում Պապիկյանի և Ավինյանի միջև առկա չէ, սակայն երևի թե դրա ժամանակն էլ կգա»: