Թադևոս Ավետիսյան․ Ամեն հաջորդ օր մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ժողովրդագրական խնդիրները գնալով խորանում են։

«Ծնելիության մակարդակը, արտագաղթի տեմպերը որևէ կերպ չեն բարելավվել այս ընթացքում ու դրա փոխարեն որոշակի ծրագրեր են բերել, որոնք չունեն սոցիալական ազդեցության հստակ գնահատումներ», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանում գյուղատնտեսության իրական ծավալները հետևողականորեն նվազում են ու սա է պատճառներից մեկը, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն էապես ավելի բարձր է, քան՝ միջին գնաճը։

Ըստ նրա, օրինակ, սննդամթերքը գրեթե 1,5 անգամ ավելի շատ է թանկանում, քան՝ միջին գնաճը, որ կա Հայաստանում։

«Մի կարևոր հանգամանք ևս՝ մենք գնում ենք աշխարհին հակառակ ճանապարհով, մեր երկրում 2018 թվականից հետո, այս պահի դրությամբ, պարենային ապրանքների ապահովվածության գործակիցը 65 տոկոսից նվազել է մինչև 47 տոկոս, սա լուրջ խնդիր է», - նշեց Թադևոսյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե ահագնացող գնաճի բոլոր գործոնները հիմա կան, կանխատեսվում է, որ լինելու է նաև հաջորդ տարի։

«Այնպես որ, այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, հետևյալի մասին է, որ ամեն հաջորդ օր մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Aysor.am