ԱՄՆ-ը ուկրաինացի պաշտոնյաներին կոչ է արել ճիշտ ընտրել արտահայտությունները
Միացյալ Նահանգները ուկրաինացի պաշտոնյաներին կոչ է արել զգույշ լինել Լեհաստանում հրթիռի կործանմանը հաջորդած Կիևի հայտարարությունից հետո։
CNN-ի փոխանցմամբ՝ իրավիճակն այնքան անկայուն է եղել, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խորհրդականները հանգստության և համբերության կոչ են արել, այդ թվում՝ ուկրաինացի պաշտոնյաներին։
Միջադեպի մասին հայտնի դառնալուց մոտ մեկ ժամ անց Վոլոդիմիր Զելենսկին իր գիշերային ելույթում ասել է, որ «ռուսական հրթիռները հարվածել են Լեհաստանին՝ դա անվանելով «շատ էական էսկալացիա», ինչը պետք է պատասխանի արժանանա։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանություններից հետո արագ զանգահարել է Զելենսկիի գրասենյակ և կոչ արել պաշտոնյաներին ավելի զգույշ լինել միջադեպի մասին խոսելիս, նշել են աղբյուրները։
Միացյալ Նահանգները և Լեհաստանը արագորեն համաձայնել են սերտորեն համագործակցել միջադեպի հետաքննության հարցում, և ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսը չորեքշաբթի երեկոյան Վարշավայում հանդիպել է երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Սակայն միջադեպը որոշ բացեր է հայտնաբերել Ուկրաինայի հետ Արևմուտքի դաշինքում: Բայդենը և Դուդան այժմ հրապարակայնորեն հայտարարել են, որ հրթիռը, ըստ երևույթին, արձակվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մի պնդում, որը Զելենսկին շարունակում է կտրականապես հերքել, ինչը վրդովեցրել է լեհ պաշտոնյաներին, ասում են աղբյուրները:
Բայդենը միջադեպից հետո զրուցել է Դուդայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ ու G20-ում արտակարգ բանակցություններ վարել համաշխարհային առաջնորդների հետ: Իր հերթին Սալիվանը, պայթյունից մի քանի ժամ անց զրուցել է Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի հետ, իսկ Բլինկենը՝ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։
Ուկրաինան խնդրել է նաև միանալ ԱՄՆ-ի և Լեհաստանի պաշտոնյաներից կազմված քննչական խմբին՝ դեպքի վայրի զննության համար:
«Մենք պետք է մասնակցենք հետաքննությանը», - լրագրողներին ասել է Զելենսկին, սկաայն հայտնի է, որ այս խնդրանքը դեռևս չի բավարարվել։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հայտարարել են, որ հետախուզությունը ցույց է տվել, որ պայթյունի պատճառը եղել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռը, որը պատահաբար ընկել է Լեհաստանում: ԱՄՆ-ը նաև գաղտնի տեղեկատվություն է տարածել դաշնակիցների հետ՝ չորեքշաբթի առավոտյան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ, ասել է աղբյուրը:
Աղբյուրները հայտնել են, որ պայթյունի վայրի նախնական զննության ժամանակ հայտնաբերվել են խորհրդային ժամանակաշրջանի S-300 հրթիռի բեկորներ։ Նախնական գնահատականն այն է, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռը փորձել է որսալ ռուսական հրթիռը, սակայն բաց է թողել այն և վայրէջք կատարել Լեհաստանում, ասել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բազմաթիվ պաշտոնյաներ:
Չորեքշաբթի կեսօրին Զելենսկին պնդել էր, որ հրթիռը չի արձակվել ուկրաինական ուժերի կողմից։ Նա Կիևում լրագրողներին ասել էր. «Ես կասկած չունեմ, որ դա մեր հրթիռը չէ»՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի և ռազմաօդային ուժերի հրամանատարությունից ստացած հաղորդագրությունները: Զելենսկին նաև հիասթափություն է հայտնել, որ ուկրաինացի պաշտոնյաներին թույլ չեն տվել միանալ լեհ-ամերիկյան համատեղ հետաքննությանը և նշել, որ ցանկանում է տեսնել «հրթիռի համարը, քանի որ բոլոր հրթիռները համարակալված են»:
Հինգշաբթի օրը Զելենսկին հաստատել է, որ ուկրաինացի քննիչներին թույլ կտան մուտք գործել հարվածի վայր։ «Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել: Մենք հաստատ ոչինչ չգիտենք։ Աշխարհը չգիտի: Բայց ես վստահ եմ, որ դա ռուսական հրթիռ է եղել, ես վստահ եմ, որ մենք կրակել ենք ՀՕՊ համակարգերից»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ միայն հետաքննությունից հետո հնարավոր կլինի եզրակացություններ անել, թե որ հրթիռն է ընկել Լեհաստանի տարածքում։
News.am