«Ժողովուրդ»․ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մենք փորձեցինք անձամբ նրանից պարզել իրականությունը, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործով առերեսումների գործընթացը շարունակվում է: Նախաքննական մարմինն Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ»,–գրում է թերթը։
Նշվում է, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին և գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց և կոնկրետ հարցադրումներ արել:
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Մինչ Արզումանյանին մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։