«Ժողովուրդ»․ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՐ՝ «ՎԻԳՄՈՐ» ԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետևից գնալու քաղաքական կամք ու ցանկություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երևանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում: Շենքը, նշենք, պատկանել է «Արմֆարմացիա» ընկերությանը, որտեղ, նախարարի վստահեցմամբ, մասնաբաժին նաև իր մայրն ունի:
«Արմֆարմացիա» ընկերությունը նախկինում ակտիվորեն գործել ու շենք է ձեռք բերել զուտ միայն այն պատճառով, որ Ավանեսյանի մայրը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տիկին Լյուդմիլայի մտերիմ ընկերուհին է: Եթե անգամ ընդունենք հանգամանքը, որ «Արմֆարմացիային» պատկանող շենքն այլևս որևէ կապ չունի Ավանեսյանի ընտանիքի հետ, ապա պատկան մարմինները, զուտ միայն արդարության ու ներքին բարոյականության սկզբունքից ելնելով, պարտավոր են նաև այս գործին ու պատմությանը հետամուտ լինել, պարզել՝ ԳԽ նախկին պատգամավորը, նախկին նախագահի տիկնոջ ընկերուհին ինչպես է տարիներ առաջ շենք ձեռք բերել. արդյոք վաճառքը արհեստական գործարք չէ՞»: