Ալիևը Հայաստանին մեղադրել է ՀԱՊԿ երկրների հետ Բաքվին բախման մղելու փորձի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է ՀԱՊԿ երկրների հետ Բաքվին բախման մղելու փորձի համար՝ վստահեցնելով, որ այդ փորձերը «տապալվել են»։

«Մենք ՀԱՊԿ անդամ չենք։ Հայաստանն այս կազմակերպության անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, բայց իրականում ուզում էր անդամ երկրներին, որոնք մտնում են դրա մեջ, բախման մղել Ադրբեջանի հետ։ Սա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ «Հայաստանի այս սադրանքը ձախողվեց և ՀԱՊԿ երկրները չենթարկվեցին դրան»։ «Սա նշանակում է, որ կազմակերպությունում մեր ընկերներն ավելի շատ են, քան Հայաստանինը։ Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական։ Որովհետև նրանք ամեն տեղ ստում են, ու իրենց հարցերը լուծելու համար, ինչպես ասում են, դուռ չի մնացել, որ չթակեն։ Այս ամենն ակնհայտ է, բոլորը գիտեն այդ մասին»,- ասել է նա։

News.am