Սոթքում «Տաշիր» հիմնադրամն օգնում է վերականգնել հրետակոծությունից տուժած տները
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնման գործընթացը գոհացուցիչ է, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար համապատասխան գումար տրամադրվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք` ծանոթանալու ընթացող աշխատանքներին։
Մարզպետի խոսքով` շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, սակայն ամեն բան արվում է տուժած ընտանիքներին օգնելու համար։
«Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավելի վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին և տվեցի համապատասխան հանձնարարականներ»,– գրել է Սարգսյանը։
Մարզպետի տեղեկացմամբ` Սոթքի ավերված տների վերանորոգման գործընթացում կարևոր աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, մարզպետի շրջայցին մասնակցել են նաև հիմնադրամի ներկայացուցիչները։ Նրանք տեղում ներկայացրել են այն վերականգնողական աշխատանքները, որոնք դեռևս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։
«Մեր այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ «Տաշիրի» հետ հստակեցնենք ու փոխլրացնենք մեր համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնենք ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքներն ավարտի հասցնենք սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած տներում»,– հավելել է մարզպետը։
Շրջայցից հետո Կարեն Սարգսյանը նաև խորհրդակցություն է անցկացրել Վարդենիսի համայնքապետարանում` ցուցումներ և հանձնարարականներ տալով։ Նա շեշտել է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ և հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում և լուծում ստանա։ Մարզպետը վստահեցրել է` անհրաժեշտության դեպքում նոր միջոցներ կներգրավվեն, որ սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։
Sputnik Արմենիա