Al-Monitor․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՆԻՆ․ ԴՐԱՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի և Թուրքիայի միությունն անհանգստացնում է Իրանին․ դրան զուգահեռ ավելանում է լարվածությունը։ Բաքուն ծրագրում է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային միջանցք ստեղծել, ինչը սպառնում է խաթարել թուրք-իրանական կապերը, գրում է Al-Monitor-ը։
«Թեհրանի և Բաքվի միջև վեճերը սրվել են այն բանից հետո, երբ անցած ամիս Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Միևնույն ժամանակ, Իրանը հյուպատոսություն է բացել Սյունիքում, որը սահմանակից է Իրանի հետ և գտնվում է լարվածության կենտրոնում։ Թշնամական կարծիքների փոխանակումը հանգեցրել է այս ամսվա սկզբին բողոքի նոտաների հանձնման, երբ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Թեհրանում մտավախություն ունեն, որ Ադրբեջանը՝ ոգևորված 2020 թվականի պատերազմում Հայաստանի նկատմամբ հաղթանակով, ձգտում է վերահսկողություն սահմանել Սյունիքի միջով տարածքի նկատմամբ։
Հրադադարի ռեժիմի շրջանակում Հայաստանը պարտավորվել է թույլատրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ երթուղի, որը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Իրանը մտավախություն ունի, որ Ադրբեջանի վերահսկողությունն այս տարածքի նկատմամբ կարող է ընդհատել իր սահմանային հաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թուրքիայի համար դա կնշանակի ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հետ հարևան Նախիջևանով և դեպի Կենտրոնական Ասիա Իրանը շրջանցող երթուղի։
Թուրքիայի ռազմական աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեցավ Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հաջողության համար։ Երկու ազգերն ունեն ընդհանուր էթնիկական արմատներ և լեզու և սերտ քաղաքական ու տնտեսական կապեր: Ադրբեջանցիներին անվանում են նաև ադրբեջանցի թյուրքեր, և երկու երկրներն իրենց կապը բնութագրում են որպես «մեկ ազգ, երկու պետություն»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ բանակը պատրաստ է պաշտպանել երկրի շահերը՝ նկատի ունենալով Իրանին։ «Սա պետք է իմանան նաև նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,-ասել է Ալիևը։
Նոյեմբերի սկզբին Ադրբեջանը 19 մարդու է ձերբակալել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։
Նոյեմբերի 11-ին Թյուրքական պետությունների կազմակերպությունում իր ելույթում Ալիևը նշել է Իրանում ադրբեջանական փոքրամասնության իրավունքները և անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանական իշխանության հետ կապ ունեցող Caliber.az պորտալը գրում է․ «Եկել է ժամանակը։ Հարավային Ադրբեջանը պետք է անջատվի Իրանից»։ Իսկ հեռուստահաղորդավարուհիներից մեկն էլ ողջունել է «Հարավային Ադրբեջանին»՝ հանելով հիջաբը։ «Հարավային Ադրբեջանը» ադրբեջանցիներով բնակեցված քաղաք է Իրանի հյուսիսում։
2020 թվականին պատերազմում հաղթելուց անմիջապես հետո Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վրդովեցրել է Թեհրանին՝ 19-րդ դարում Ադրբեջանի բաժանման մասին բանաստեղծություն արտասանելով։
Իրանական Sahar TV-ն, որը հեռարձակվում է ադրբեջաներեն, պատասխանել է, որ Ադրբեջանը պատմականորեն Իրանի մաս է, և որ Նախիջևանի բնակիչները ցանկանում են միանալ Իրանին:
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանն էլ ավելի է զայրացրել Իրանին՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշում կայացնելով։
Անկարան աջակցում է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Բաքվի ձգտումներին, սակայն փորձում է չնյարդայնացնել Թեհրանին՝ տարածաշրջանի բոլոր վեց երկրների միջև համագործակցության ֆորում առաջարկելով: Սակայն Թեհրանի համար «Զանգեզուրի միջանցքով» Կենտրոնական Ասիայի հետ կապվելու Թուրքիայի ծրագիրը սպառնում է Իրանին կտրել Կովկասից։ Ոմանք այն նույնիսկ անվանում են «Թուրանական միջանցք»:
Թյուրքական պետությունների կազմակերպությունն ակտիվացնելու Թուրքիայի ջանքերը, որը նրան կկապի Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի հետ, տագնապեցրել են նաև Թեհրանին։ Վերջինն անհանգստանում է, որ ավելի ուժեղ թուրքական ազդեցությունը թյուրքական աշխարհում կարող է ապակայունացնել Իրանի հյուսիսը, որտեղ ապրում են ադրբեջանցիներ և թյուրքական այլ փոքրամասնություններ, ինչպիսին են թուրքմենները և քաշքայները։ Բացի այդ, Ադրբեջանի ավելի ուժեղ դիրքը՝ Թուրքիայի աջակցության շնորհիվ, կարող է ձգողականության կենտրոն դառնալ Իրանում ապրող ցեղակիցների համար։
Հուլիսին հանդիպման ժամանակ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Էրդողանին ասել էր, որ ցանկացած պլան, որը կարող է փակել Հայաստանի հետ Իրանի սահմանը, անընդունելի է։ Իսկ նախագահ Իբրահիմ Ռայիսին հոկտեմբերին Ալիևին նախազգուշացրել էր, որ Իրանը չի հանդուրժի «պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների որևէ փոփոխություն»։
Անհանգստությունը, որն ընկած է Իրանի տեսլականի հիմքում Զանգեզուրի միջանցքի հետ կապված՝ որպես աշխարհաքաղաքական սպառնալիքի, կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
- Իրանը կարող է կորցնել Հայաստանի հետ սահմանային և ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունը։
- Կովկասի և Ռուսաստանի հասանելիությունը նրա համար կարող է ավելի դժվարանալ, և Իրանը կարող է կորցնել ազդեցությունը Կովկասում։
- Նախագիծը թույլ կտա ՆԱՏՕ-ին շրջապատել Իրանը։
- Իրանը տնտեսական կորուստներ կկրի, երբ Ադրբեջանը դադարեցնի Նախիջևանի հետ կապն Իրանով, ինչը կնվազեցնի Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա։
- Իրանը կարող է կորցնել գերազանցությունը որպես Ասիայի և Եվրոպայի միջև երթուղի։
- Իրանի ռազմավարական նշանակությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում կարող է նվազել։
- Զանգեզուրի երթուղու հեռանկարային օգտագործումը թուրքմենական գազը Թուրքիա և Եվրոպա տեղափոխելու համար կարող է նվազեցնել իրանական գազի պահանջարկը։
- Սև ծով Իրանի ելքը կարող է արգելափակվել։
- Ստատուս-քվոյի փոփոխությունը Զանգեզուրում, որն Ալիևն անվանում է «նախնիների հող», կարող է հանգեցնել այն բանին, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ կվերցնի Արաքս գետը։
Թուրքիան հայտարարում է, որ այս մտահոգություններն անհիմն են, իսկ Ալիևը պնդում է, որ Իրանը վրդովված է «Եվրոպա թմրանյութերի երթուղու կորստի պատճառով»։