Ռուսաստանին չեն հրավիրել Մյունխենում անվտանգության համաժողովին

Ռուսաստանը չի հրավիրվի Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին, որը կանցկացվի 2023 թվականի փետրվարին, հայտարարել է ֆորումի նոր նախագահ, գերմանացի դիվանագետ և նախկին կանցլեր Անգելա Մերկելի նախկին խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը, գրում է Deutsche Welle-ն։

«Ռուս պաշտոնյաները հրավիրված չեն 2023 թվականի համաժողովին։ Մենք նրանց քարոզչության հարթակ չենք տրամադրի։ Մենք ցանկանում ենք քննարկել Ռուսաստանի ապագան ռուսական ընդդիմության և վտարանդիների առաջնորդների հետ. ՆՐԱՆՑ ձայնը պետք է լսված լինի և ուժեղ»,- գրել է Հոյսգենը Twitter-ի իր միկրոբլոգում։

Մյունխենի համաժողովը միջազգային անվտանգության ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, որին մասնակցում են տասնյակ երկրների պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ՝ տասնյակ երկրներից։ Համաժողովի կայքում ասվում է, որ մասնակիցները հնարավորություն կունենան գնահատել «դաշինքի համախմբվածության աստիճանը և քաղաքական նվիրվածությունը օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգին»:

News.am