Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԽՆԴԻՐԸ ԲԱՆԱԿՑՈՂԻ ՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՉԷ, ԱՅԼ՝ ՁԵՎԱՉԱՓԻ

«Հրապարակ» թերթը գրում է «Հարցազրույց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

- Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ո՛չ Ռուսաստանից ուղարկված «էմիսար» Ռուբեն Վարդանյանի հետ: Ո՞վ պետք է լինի Արցախի անունից բանակցողը, ինչքանո՞վ է, առհասարակ, նման ձևաչափը հնարավոր, որի մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

- Պաշտոնական Ստեփանակերտը երբեք չի խուսափել բանակցային գործընթացի վերսկսումից, ավելին՝ 1996-97 թվականներից, երբ բանակցությունները սկսեցին խեղաթյուրված ձևաչափով վարվել՝ Արցախի Հանրապետության ոչ լիարժեք կամ մասնակի մասնակցությամբ, մենք միշտ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի ձևաչափը։ Մինչդեռ այսօր ադրբեջանական կողմը բավականին հմուտ ձևով է ներկայացնում այդ ձևաչափը խնդիրն այն չէ, թե ով է բանակցելու, ի վերջո, կողմերից յուրաքանչյուրն ինքն է ներկայացնելու իր բանակցողին, խնդիրն այն է, թե ինչ ձևաչափով պետք է տեղի ունենան բանակցությունները, և ինչի մասին պետք է լինեն դրանք։ Երբ Ադրբեջանը խոսում է բանակցելու մասին՝ հայտարարելով, որ պատրաստ է, ճիշտ չի ասում, նա պատրաստ չէ բանակցել: Ադրբեջանն այդ բանակցությունները դիտարկում է որպես ներադրբեջանական երկխոսություն։

- Նկատի ունեք Ալիևի այն հայտարարությունը, որ Արցախում ապրողներն իր «քաղաքացինե՞րն» են։

- Այո։ Այսինքն՝ դիտարկում է մեզ որպես աբորիգենների, որոնք, ժողովրդական լեզվով ասած, 88-ին ղալաթ են արել, անջատվել են մայր Ադրբեջանից, իսկ հիմա աղաչում են, որ իրենց ներեն և ընդգրկեն Ադրբեջանի կազմ։ Սա է Ալիևի ձևակերպումը, մենք սրա համար ենք ասում, որ չեն կարող նման բանակցություններ լինել։ Բացի այդ՝ բանակցությունների համար կա միջազգայնորեն ընդունված ձևաչափ, որտեղ Արցախի սուբյեկտայնությունը նշվում է ե՛ւ որպես բանակցային, ե՛ւ որպես հակամարտության կողմ։ Դրանք Բուդապեշտի գագաթնաժողովում 1994 թվականին ընդունված որոշումներն են և 94-95 թթ ընդունված հարակից որոշումները։ Հիմա եթե մենք կուլ ենք տալիս խայծը և ասում՝ այո, պատրաստ ենք իրենց ձևաչափով, չեզոքացնում ենք միջազգայնորեն հաստատված Արցախի սուբյեկտայնության փաստը։ Ուստի, այո, պատրաստ ենք բանակցային գործընթացի, բայց միջազգայնորեն ընդունված ձևաչափով։

- Այսինքն՝ կբանակցեք միայն Մինսկի խմբի ձևաչափով, միջնորդների ներկայությամբ, բայց պատերազմից հետո այդ խումբը կարծես անգործության է մատնվել։

- Այո, կբանակցենք այդ երկրների ներգրավմամբ՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան` պարտադիր, ՀԱՊԿ և այլն, և այլն։ Հակառակ դեպքում իրենք ուզում են մեզ թյուրիմացության մեջ մտցնել և տանել լրիվ ուրիշ ճանապարհով։

- Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոգևորված է խոսում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների հեռանկարի մասին՝ ասելով, որ իր իշխանությունը վերադարձնում է Արցախի սուբյեկտայնությունը, վերադարձնում բանակցային դաշտ, ինչից զրկել էին նախկինները։

- Ես կրկին պիտի ընդգծեմ, որ խնդիրը բանակցողի ու բանակցությունների մեջ չէ, այլ՝ ձևաչափի։ Եթե մենք հրաժարվում ենք միջազգայնորեն ընդունված ձևաչափից, որով ընդունվում է Արցախի սուբյեկտայնությունը, ի՞նչ պիտի ակնկալենք։ Պարզ է, չէ՞, որ սա փուշ է Ադրբեջանի կոկորդում, և ուզում է ամեն գնով դրանից հրաժարվել։

- Փաստորեն, ուղիղ բանակցություններ չեն լինի, իսկ ձեր մատնանշած տարբերակին էլ Ադրբեջանը չի համաձայնի, ի՞նչ կլինի հետո։

- Եթե իրենք չեն համաձայնում, մենք համաձայնենք, հա՞։ Մոռանալ սուբյեկտայնությունը, գնանք աբորիգենի կարգավիճակով ուղիղ խոսենք Բաքվի հետ, դա՞ եք ուզում։ Դրա համար շատ կարևոր է սկզբունքայնություն ձևավորել, առանց սկզբունքայնության չկա սուբյեկտայնություն»։

Yerevan Today