ԱՐՑԱԽԻ ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, կամ ՄԵՐ ՄԱՍԻՆ՝ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՎ ՄԵՐ ՄԱՍԻՆ՝ ՀԻՄԱ
Դա ընդամենը 8 տարի առաջ էր, բայց թվում է, թե այլ կյանքում էր: Այն կյանքում, որում մենք հաղթող էինք, որում մեր բանակն ուժեղ ու հզոր էր, Հայաստանի և Արցախի հուսալի պաշտպան և հայ ժողովրդի սիրելի զավակ։ Այդ կյանքում իշխանությունները լիովին տիրապետում էին հայկական երկու պետությունների սահմաններին տիրող իրավիճակին, Հայոց բանակի հրամանատարությունը բարձր պրոֆեսիոնալ էր և վստահ իր ուժերին, գեներալները տալիս էին համարժեք հրամաններ, իսկ զինվորները պատրաստ էին կատարել ամենաբարդ, անիրագործելի թվացող առաջադրանքներ։ Ինչպես, օրինակ, 2014 թվականի նոյեմբերի 22-ին։
2014թ. նոյեմբերի 12-ին Արցախի երկնքում ողբերգություն տեղի ունեցավ. ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, խոցեց ՊԲ ուղղաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում շփման գծի անմիջական հարևանությամբ: Ուղղաթիռի անձնակազմը բաղկացած էր երեք օդաչուներից. հրամանատար Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ուղղաթիռի խոցումն անվանեց «աննախադեպ սադրանք Բաքվի կողմից, ինչը հանգեցրել է նաև իրավիճակի սրման»: Հաջորդ 10 օրերին ադրբեջանական կողմը մշտական գնդակոծության տակ էր պահում անկման վայրը՝ թույլ չտալով տարհանել օդաչուների աճյունները և լկտիաբար հայտարարելով, թե «եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել մարմինները»։
Դա այն դեպքում, երբ ԼՂՀ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ օդաչուներից մեկը կարող է ողջ լինել։
Չօգնեցին ո՛չ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերը, ո՛չ Մինսկի խմբի և միջազգային այլ կազմակերպությունների կոչերը՝ թույլ տալու, որ մարդասիրական առաքելություն գնա անկման վայր։ Ադրբեջանը վայելում էր սեփական անմարդկայնությունը՝ ըմբոշխնելով զոհվածների հարազատների ու մտերիմների ողբերգությունը, հազարավոր մարդկանց վիշտը Հայաստանում ու Արցախում և, ինչպես կարծում էր Ալիևը, սեփական ամենաթողությունն ու լիակատար վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ։ Թվում էր, թե այդպես է որ կա, և աճյունները հնարավոր կլինի տարհանել միայն էյֆորիայի մեջ ընկած Բաքվի սուլթանիկի և նրա հպատակների թույլտվությամբ։
Իսկ նոյեմբերի 22-ին ողջ Ադրբեջանի քիթը տրորվեց. Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց օդաչուների մարմինների տարհանման փայլուն անցկացված հատուկ գործողության մասին։ Անկման վայրից դուրս էին բերվել անձնակազմի անդամների աճյունները և ուղղաթիռի որոշ մասեր՝ փորձաքննության համար։ Ընդ որում՝ հակառակորդի երկու զինվոր սպանվել էր, իսկ հայկական կողմը կորուստներ չուներ։ Հիմարացված Բաքվում փորձում էին հերքել հաղորդագրությունը, սակայն Ստեփանակերտն ու Երևանը հատուկ գործողության անցկացումը հաստատող փաստեր ներկայացրեցին օտարերկրյա դեսպաններին և ռազմական կցորդներին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը արդյունքում հայտարարեց, որ հայկական կողմին հաջողվել է լուծել զինծառայողների աճյուններն իրենց ընտանիքներին հանձնելու խնդիրը՝ պատշաճ պատիվներով հուղարկավորելու համար:
Նոյեմբերի 24-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ անձնակազմի զոհված անդամների հոգեհանգիստը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, պատարագը մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Օդաչուներին հողին հանձնեցին նոյեմբերի 25-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Այդ օրերին երկիրը հակասական հույզեր էր ապրում։ Մի կողմից՝ թախիծ ու վիշտ զոհված օդաչուների համար: Մյուս կողմից՝ հպարտություն սեփական բանակի, այն մարտիկների համար, որոնք կարողացան փայլուն կերպով իրականացնել բարդագույն հատուկ գործողությունը՝ հնարավորություն տալով հարազատներին հրաժեշտ տալ զոհվածներին և արժանապատիվ կերպով հողին հանձնել նրանց: Իսկ մեզ՝ պարգևել պաշտպանվածության, այդչափ մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ կերտած հայկական երկու հանրապետությունների անվտանգության զգացում…
Այն, ինչը մեզանից խլեցին այդ աղետից 6 տարի անց, և այն, ինչը հիմա այնքա՜ն պակասում է: Քանզի այսօր մենք ունենք գրեթե համանման իրավիճակ. Ադրբեջանը թույլ չի տալիս մարտի դաշտից դուրս բերել 16 (պաշտոնական տվյալներով) հայ զինվորների մարմինները։ Եվ ոչ թե 10 օր, ինչպես 2014-ի նոյեմբերին, այլ գրեթե երկուսուկես ամիս շարունակ, ընդ որում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Եվ ո՛չ երկրի ղեկավարությունը, ո՛չ էլ նրա բանակն ու հատուկ ծառայությունները մտադիր էլ չեն ռազմական գործողություն ձեռնարկել, որպեսզի ծնողներին վերադարձնեն իրենց երեխաների աճյունները և հողին հանձնեն քրիստոնեաբար ու ռազմական պատիվներով։ Այսօրվա իշխանությունները սպասում են, որ զավթիչն ու բարբարոսը, որը չի ճանաչում ո՛չ իրավական, ո՛չ բարոյական օրենքներ, թույլ տա դա անել։ 8 տարի առաջ վզակոթին լավ զարկ ստացած Ալիևն այժմ կարող է հանգիստ վայելել իրավիճակը, քանզի գիտի. իր յուզգյար ու հանցակից Փաշինյանը դրա համար իրեն և՛ հնարավորություններ կտրամադրի, և՛ ժամանակ։
Նոյեմբերի 10-ին դե ֆակտո վարչապետը հերթական անգամ հերթապահ կերպով արձանագրեց, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո անհայտ կորած զինծառայողների մարմինները գտնվում են Բաքվի կողմից վերահսկվող տարածքում։ «Ադրբեջանն ամեն կերպ ձգձգում է նրանց վերադարձը», -հաղորդեց Նիկոլը, ինչպես միշտ՝ չասելով գլխավորը, թե ինչ է անում իր ղեկավարած կառավարությունը, որպեսզի լուծի, վերջապես, երկրի համար այդ չափազանց ցավոտ, ամոթալի ու խայտառակ հարցը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ «մեր զինվորների մարմինները դուրս բերելու համար մեծ աշխատանք են կատարել Ազգային անվտանգության ծառայությունը, ՊՆ-ն, ընդհանրապես կառավարությունը»: Նաև արձանագրեց, որ Ադրբեջանը դիերը դուրս բերելու թույլտվություն չի տալիս։ Այժմ հարց՝ գլխավոր շտաբի ղեկավարին. Եթե «ԱԱԾ-ի, ՊՆ-ի և ընդհանրապես կառավարության կողմից մեծ աշխատանք է կատարվել», բայց խնդիրը երկուսուկես ամիս անց դեռ չի լուծվել, ապա ի՞նչ եզրահանգում է բխում դրանից։
Իսկ եզրահանգումը մեկն է. և՛ ռազմական, և՛ քաղաքացիական ղեկավարության բացարձակ ապիկարություն, կարևոր հարցեր լուծելու նրանց անկարողություն, վախկոտություն և իրենց իսկ՝ հայկական տարածքում լքված ընկած սեփական զինվորների աճյունները վերադարձնելու համար անհրաժեշտ, թեկուզև արմատական միջոցների դիմելու ցանկության բացակայություն։ Այլ հարց է, որ ապաշնորհությունից բացի, կառավարությունը նաև խորապես անտարբեր է սեփական քաղաքացի-զինծառայողների ճակատագրի հանդեպ. լինեն դրանք զոհվածներ, գերեվարվածներ, թե անհայտ կորածներ։ Եթե դա այդպես չլիներ, նրանք չէին սահմանափակվի դատարկախոսությամբ օդ ցնցելով, այլ սարեր շուռ կտային, միայն թե վերադարձնեին յուրայիններին:
Այնպես որ գուցե արժե՞, որ և՛ Ասրյանը, և՛ փաշինյանական թորվածքի մնացյալ վայ-գեներալները հիշեն 8-ամյա վաղեմության պատմությունը։ Որպես օրինակ, թե ինչպես պետք է պետությունը հոգ տանի իր զինվորների մասին. ողջերի ու զոհվածների։ Որպես քաջության, արիության, զինվորական պատվի, մարտական ոգու և բարձրագույն պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ, որը բացառում է այն միտքն անգամ, որ մի ինչ-որ Ադրբեջան, տեսեք-տեսեք, թույլ չի տալիս հայ զինվորներին մոտենալ զոհված ընկերների մարմիններին…
Բայց ահավասիկ՝ հարց. իսկ դեռևս ունե՞նք արդյոք մենք հատուկ նշանակության այդպիսի ջոկատներ: Թե՞ բոլոր պրոֆեսիոնալները նետված են պաշտպանելու «գերագույն գլխավոր հրամանատարի» ճարպակալած ջանդակը սեփական քաղաքացիներից։
Այն, ինչ տեղի ունեցավ 8 տարի առաջ, և այն, ինչ տեղի է ունենում այսօր, թերևս այն ամենն է, ինչ պետք է իմանալ հաղթած Հայաստանի, Արցախի Պաշտպանության բանակի և նրա հատուկ նշանակության ուժերի և կապիտուլյանտ Նիկոլի ժամանակների Հայաստանի մասին... Ազգային արժանապատվության և իր մարտիկների նկատմամբ պետության վերաբերմունքի մասին: Մեր մասին՝ այն ժամանակ, և մեր մասին՝ հիմա: