ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԴՐԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Հայերն իրենց երկարատև պատմության ընթացքում միշտ ակնկալել են, որ ինչ-որ օտար ուժ իրենց կփրկի թշնամիներից: Դարեր շարունակ նրանք օգնության հույս են ունեցել հռոմեացիներից, բյուզանդացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից, ամերիկացիներից, իսկ այժմ՝ իրանցիներից: Բայց ոչ ոք երբեք չի եկել նրանց փրկելու։ Թվում է, թե հիասթափությունների այսքան երկար շարանից հետո հայերը վերջապես դասեր կքաղեն, որ ոչ ոք իրենց փրկության չի հասնի։ Իրենք պետք է իրենց փրկեն։
Հաշվի առնելով նման անիրատեսական ակնկալիքները, հայերը շարունակում են մի հնարավոր փրկարարից մյուսը գնալ՝ փորձելով գտնել որևէ մեկին, որը կօգնի իրենց: Ոչ ոք չօգնեց փրկել հայերին, երբ Օսմանյան Թուրքիան նրանց դեմ ցեղասպանություն էր իրականացնում. ոչ ոք նրանց չփրկեց, երբ վերապրածները վերադարձան Կիլիկիա և հարձակման ենթարկվեցին ու սպանվեցին Աթաթուրքի զորքերի կողմից. ոչ ոք նրանց չօգնեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, երբ ադրբեջանցիները կոտորում էին հայերին Արցախում. և ոչ ոք չօգնեց հայերին, երբ ադրբեջանցիները Թուրքիայի, Իսրայելի և ջիհադիստ ահաբեկիչների աջակցությամբ նվաճեցին Արցախի մեծ մասը՝ սպանելով ու խեղելով հազարավոր հայ զինվորների ու խաղաղ բնակիչների։
Այս բոլոր հիասթափեցնող փորձառություններից հետո հայերը հույս ունեին, որ Ռուսաստանը կմիջամտի և կփրկի Արցախը: Երբ դա տեղի չունեցավ, նրանք բարձրաձայն բողոքեցին, որ Ռուսաստանը դավաճանել է իրենց։ Հայերը շարունակ պահանջում էին ՀԱՊԿ-ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) պաշտպանել Հայաստանը՝ իր սահմանների նկատմամբ ադրբեջանական կրկնվող ոտնձգություններից։
Հայերը կարծես թե չեն հասկանում, որ յուրաքանչյուր ազգի առաջնահերթությունը սեփական ազգային շահերի, այլ ոչ թե Հայաստանի պաշտպանությունն է: Ոչ ոք պարտավոր չէ օգնել Հայաստանին, նույնիսկ երբ ստորագրված է փոխադարձ պաշտպանության պայմանագիր, որը դիտվում է որպես ընդամենը «թղթի կտոր»։ Իրենց անիրատեսական ակնկալիքներից հրաժարվելու փոխարեն՝ հայերն այժմ դիմել են Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին՝ հուսալով, որ նրանք կգան իրենց օգնության...
Հուսադրող է, որ վերջին ամիսներին Հայաստանը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ՝ մեծ քանակությամբ հրթիռներ և հրետանի գնելու համար։ Վերջապես, Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ պետք է պաշտպանել երկիրը, այլ ոչ թե ապավինել ուրիշների ողորմածությանը:
Անցյալ շաբաթ աշխարհասփյուռ հայությունը ցնծոթւյան մեջ էր, որ Ֆրանսիայի Սենատը հայանպաստ բանաձև է ընդունել։ Սակայն հայերը չպետք է ոչ ուռճացնեն, ոչ էլ թերագնահատեն այս բանաձևի նշանակությունը։ Ֆրանսահայ համայնքը երկար տարիներ գովասանքի արժանի լոբբիստական գործունեություն է ծավալել՝ հայերի և Հայաստանի հանդեպ նման սրտացավ մթնոլորտ ստեղծելու համար։ Դա է հիմնական պատճառը, որ այս բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Սենատի կողմից գրեթե միաձայն 295 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ֆրանսիայի համապարփակ բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և պահանջում.
- ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը Հայաստանից.
- 2020 թվականի պատերազմից ի վեր Բաքվի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը.
- հայկական մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը.
- որ Ֆրանսիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ միասին դիմի Միջազգային քրեական դատարան Ադրբեջանի հարձակումների առնչությամբ.
- որ Ֆրանսիան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, բռնագրավի նրա ղեկավարների ունեցվածքը և բռնարգելք կիրառի ադրբեջանական նավթի ու գազի ներմուծման վրա.
-- Արցախում ֆրանսիական մարդասիրական գրասենյակի ստեղծում.
- Հայաստանի պաշտպանունակության ամրապնդում.
- միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում.
- Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչում.
- որ Ֆրանսիան ապահովի Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։
Ադրբեջանը շատ կոշտ արձագանքեց և դատապարտեց Ֆրանսիայի Սենատին այս բանաձևն ընդունելու համար։ Հակադարձ միջոցներ ձեռնարկելով Ադրբեջանը վտանգում է խզել իր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Այնուամենայնիվ, որպեսզի այս ոչ պարտադիր բանաձևը որևէ ազդեցություն ունենա, այն պետք է ընդունվի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից և աջակցություն ստանա Ֆրանսիայի նախագահի ու կառավարության կողմից:
Հայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի բանաձևը։ Նրանք չպետք է ակնկալեն, որ Ֆրանսիան կփրկի Արցախը կամ Հայաստանը։ Նրանք պետք է շարունակեն հզորացնել Հայաստանի զինված ուժերը, որպեսզի կարողանան պաշտպանել երկրի սահմանները՝ միաժամանակ ողջունելով որևէ երկրի օգնությունը՝ առանց որևէ անիրատեսական ակնկալիք ունենալու։ Հիշեք, որ Ֆրանսիայի Սենատն ու խորհրդարանը 2020 թվականի պատերազմից հետո բանաձևեր ընդունեցին՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչը չիրականացավ։ Սա զարմանալի չէ, քանի որ Հայաստանն ինքը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Հետագա հիասթափություններից խուսափելու համար հայերը պետք է Ֆրանսիայի Սենատի բանաձևը դիտարկեն որպես կարևոր բարոյական և դիվանագիտական, բայց ոչ ռազմական աջակցություն:
Այժմ Հայաստանի կառավարության և աշխարհասփյուռ հայության խնդիրն է ապահովել, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը օգտագործվի Հայաստանի և Արցախի հայությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար։
Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Panorama.am, թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի