Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՀԱՊԿ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետևանքների հանգեցնել։ Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ իրավիճակը Հայաստանում կշարունակի վատթարանալ՝ չբացառելով փաստաթղթում, որը Երևանը հրաժարվեց ստորագրել, փոփոխություններ մտցնելու հնարավորությունը։
«Եթե ամռանը մենք ռազմավարական գործընկերոջից բողոքի պաշտոնական նոտա ենք ստանում, եթե ՀԱՊԿ երկրների որոշ առաջնորդներ խոսում են Փաշինյանի հետ այնպես, ինչպես ես չէի խոսի սեփական արժանապատվության զգացում ունեցող ցանկացածի հետ, եթե իշխանություններն ամեն ինչ իջեցրել են այս մակարդակի, ապա ի՞նչ ակնկալիքներ կային ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեկվա նիստից»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանը կրկին նախագահում էր ՀԱՊԿ-ում, ռազմական գործողություններից մի քանի ամիս անց նույնպես կայացավ Կազմակերպության նիստը։ Տարբերությունն, ըստ նրա, այն էր, որ այդ պատերազմում (ապրիլյան - խմբ.) հայկական կողմը հաղթող էր, և նաև այն, որ երկրի ղեկին հայրենասերներն էին։ «Այդ ժամանակ ՀԱՊԿ համատեղ հայտարարություն ընդունվեց։
Ընդ որում, այդ ժամանակվանից Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները չեն փոխվել, իսկ Ղազախստանի նախագահը Նազարբաևն էր։ Հայտարարության մեջ հստակ խոսվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի կարևորության մասին, կային մի շարք այլ հայամետ կետեր։ Ընդ որում, հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի տարածքին։
Այսպիսով խնդիրը ՀԱՊԿ-ի՞, թե Հայաստանի պաշտոնյաների՞ մեջ է։ Միգուցե, չարժեր առանց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու կամ փոխելու քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում նախաձեռնել։ Միգուցե, չարժեր 2021 թվականի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ խորհրդարանում հրատապ հայտարարություններ պատրաստել, որի տեքստերը օպերատիվ կերպով SMS հաղորդագրությամբ ուղարկվել էին։ Այսինքն փորձ էր արվել սևացնել ՀԱՊԿ-ին մինչև դրան դիմելը», – ասաց նա։
Նա նկատեց, որ ցանկացած միջազգային փաստաթղթի իրականացման համար երկիրը պետք է կշիռ ունենա կամ գոնե միջազգային հարաբերությունների սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ լինի, ինչը և դարձավ Հայաստանը ներկայիս իշխանությունների ժամանակ։
Արդյունքում Հայաստանին և Ղարաբաղին, նրա համոզմամբ, բաժանում են, ինչպես ոզում են։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ ԵԱՀԿ բոլոր պետությունները, այդ թվում Թուրքիան, հանդես եկան հայտարարություններով, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն Թուրքիան դարձավ պատերազմի մասնակից և ագրեսոր, իսկ Հայաստանը միջազգային հրապարակում որոշ ժամանակ մենակ մնաց։ Ինչպես էր ստացվում, որ Հայաստանի համար բարեկամական երկրների օդային տարածությունը որոշ ժամանակ փակ էր», – ասաց Մամիջանյանը՝ փորձելով զուգահեռներ անցկացնել 2016 և 2020 թվկանանների ռազմական գործողությունների միջև։
Նրա խոսքով՝ մինչ 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այն սակավաթիվ հարցերից մեկն էր, որի շուրջ հակասության մեջ գտնվող ուժային կենտրոնները միանման դիրքորոշումներ ունեին, բայց հիմա հարցը բախումների առիթ է դարձել։ «Եթե Հայաստանի իշխանությունը գերիների և ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը բանակցությունների առարկա չի դարձնում, ապա ինչո՞ւ այլ երկրներ պետք է ավելի հայամետ լինեն։ Հայաստանի իշխանությունը 2018 թվականից ի վեր չկարողացավ կազմակերպել SEPA արագ վավերացում։ Իշխող ռեժիմին չհաջողվեց նյութականացնել կետերը, որոնք ներառված էին դրանում, մասնավորապես, ԼՂ հակամարտությանը վերաբերող կետերը։ SEPA-ում ֆիքսված են հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ԼՂ ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը, ինչը հնարավորություն կտար պաշտոնական փաստաթղթի մակարդակում զենք ունենալ բանակցային գործընթացում։ Այդ դեպքում ԵՄ միջնորդությամբ բանակցություններում հնարավոր կլիներ հղում կատարել իրենց ընդունած փաստաթղթին։ ՀՀ իշխանությունը հղում չի կատարում այդ կարևորագույն կետին և չի կիրառում այն»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Հայկ Մամիջանյանը վստահություն հայտնեց, որ իշխանությունը չի ցանկանում Ադրբեջանի հետ ստորագրվող ցանկացած փաստաթղթում հիշատակել Ղարաբաղի մասին և չի կարող հասկանալ վերոնշյալի կարևորությունը։