Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԹԻՎԸ 6800 Է

Ազգային և սոցիալական հարցերը չպետք է և չեն կարող հակադրվել, առավելևս այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, և ընդդիմությունը պետք է հասկանա դա, «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետ, «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության փորձագետ Էդգար Էլբակյանը, նշելով, որ ընդդիմությունը, եթե ցանկանա և լավ աշխատի, ծավալվելու տեղ ունի։

Նա համոզված է, որ գործող իշխանությունը համակարգված կերպով արմատախիլ է անում մեր քաղաքացիների մեջ ապրումակցման զգացումը, և հենց դա է պատճառը, որ ոմանք կարող են իրենց թույլ տալ վիրավորել գերիների, զոհված զինծառայողների ծնողներին, արդարացնել նրանց ընտանիքներին պատուհասած դժբախտությունները: «Այդ քաղաքականության մեջ է տեղավորվում նաև այն, որ մինչև հիմա իշխանությունը չի հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները։ Ակնհայտ է, որ դա արվում է միտումնավոր, որպեսզի մարդկանց մեջ ապրումակցման զգացում չառաջանա: Իսկ արդյունքում ստացվում է, որ մենք ազգ չենք, այլ հասարակություն, որտեղ ամեն մեկն իր մասին է մտածում։ Ընդ որում նման քաղաքականությունը վերաբերում է բոլոր հարցերին. զոհված զինծառայողների ընտանիքներից մինչև Լարսում կանգնած հայ վարորդներ, բերքը չիրացրած ֆերմերներ, անօթևան մնացած արցախցի փախստականներ»։

Քաղաքագետը, սակայն, ստեղծված հուզական, ավելի ճիշտ՝ անհույզ մթնոլորտի առկայության մեջ մասամբ տեսնում է նաև ընդդիմության մեղքը։ Վերջինս, ըստ նրա, նույնպես ջանքեր է գործադրել հանրային դիսկուրսում ազգային և սոցիալական հարցերի տարանջատման համար. օրինակ, ավելորդ անգամ հայտարարելով, որ քաղաքացիները ստամոքսը գերադասել են հայրենիքից։ «Ազգային և սոցիալական հարցերը չպետք է և չեն կարող հակադրվել, առավելևս այնպիսի մոնոէթնիկ երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Օրինակ, Ցեղասպանության մեղավորը և գլխավոր պատասխանատուն Թուրքիան է, թե կուզեք՝ ողջ թուրք ժողովուրդը, երկու կարծիք այստեղ լինել չի կարող։ Բայց 1915 թվականը հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ այդ ժամանակ հայկական տարրն արդեն բավական թուլացած էր և ուժազրկված, ընդ որում՝ նաև արտագաղթի պատճառով։ Այնպես որ սոցիալական և ազգային խնդիրները, հատկապես եթե պետությունն այնուամենայնիվ փոքրիշատե գոյություն ունի, փոխկապակցված են։ Դրան պետք է հավելել նաև այն, որ 1998-2018 թվականներին այնպիսի զանգվածային քարոզչություն, որ պետք է բոլոր հարցերը ստորադասել ազգային խնդրին, ամեն ինչ մի կողմ դնել, ամեն ինչից զրկել մեզ և զբաղվել բացառապես ազգային խնդիրներով, նույնպես չի եղել»,- ասաց Էլբակյանը։

Նրա խոսքերով, շատ կարևոր է հասկացնել, ընդդիմության գիտակցությանը հասցնել ազգային և սոցիալական խնդիրների միասնությունը, այն ընդդիմությանը, որը չգիտես ինչու ընդունում է իշխանության կողմից իրեն թելադրվող խաղի կանոնները: «Օրինակ, գործող իշխանության ներկայացուցիչներն ու թուրքերը գործածության մեջ են դրել ռևանշիստ հասկացությունը, իսկ ընդդիմությունն ամեն կերպ փորձում է անջրպետվել այդ «խարանից», ասել է թե՝ մենք ռևանշիստներ չենք: Մի՞թե ընդդիմությանը հասկանալի չէ, որ իրեն մոլորության մեջ են գցում, ստիպում խաղալ իրենց կանոններով։ Սրանք ընդդիմության պահանջներն անվանում են «ռևանշ», փորձելով պիտակ փակցնել, իսկ ես ասում եմ ՝ «հայ փախստականների վերադարձ իրենց հայրենիք, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքների արդարացի հաղթահարում»։ Վե՛րջ։ Ի՞նչ ռևանշի մասին է խոսքը։ Իբր աթոռի համար մղվող ընդդիմության պայքարի մասին արտանետված թեզը հաղթեց։ Եվ հաղթեց այն պատճառով, որ ընդդիմությանը պակասում է իր դիրքորոշման հստակությունը բազմաթիվ հարցերում, առանց հաշվի առնելու միջազգային դերակատարներին։ Ի վերջո, պետք է հասկանալ, թե ում աջակցությունն ես ակնկալում. ժողովրդի, միջազգային հանրության, թե՞ էլի ինչ-որ մեկի։ Երբ դու այդ մասին չես խոսում, և դեռ մի բան էլ մեղադրում ես ժողովրդին, մարդիկ մեծ հաշվով դադարում են տարբերություն տեսնել իշխանության և ընդդիմության միջև, այլընտրանք չեն տեսնում։ Գլխավոր խնդիրը ժողովրդին իշխանության արմատական այլընտրանք առաջարկելն է»։

Էլբակյանի խոսքերով, ի տարբերություն ընդդիմության, Փաշինյանին նախքան իշխանության գալն իր արևմտյան խորհրդատուները սովորեցրել են երբեք չմեղադրել ժողովրդին, գերազանց հասկանալով, որ իրականում նա ատում է ժողովրդին։ Ի դեպ, ի տարբերություն երկրորդ և երրորդ նախագահների, որոնք կարող են չհասկանալ ժողովրդին, բայց երբեք ատելություն չեն տածել ժողովրդի հանդեպ։ «Արդարության և կարեկցանքի զգացումները, այդ բնական, կարևոր հույզերը, այսօր արմատախիլ են արվում մի իշխանության կողմից, որը խաթարում է արժեքների սանդղակը, ոչնչացնում արժեքներն ու ավանդույթները, փոխարենը առաջարկելով տոտալ գաղափարազրկություն, ձևավորելով հասկացություններից զուրկ հասարակություն, որտեղ զոհված զինծառայողի մորը կարող են քարշ տալ թևերից բռնած, որտեղ հայկական հողերը կարող են անվանել թուրքական»,- ասաց քաղաքագետը:

«Հայկական նախագիծ» նախաձեռնության փորձագետների տվյալների համաձայն, որոնք հիմնված են միջազգային սոցհարցումների վրա, երդվյալ քաղաքական թուրքերի թիվը 6800 է, այդքան մարդ գոհ է իր ֆինանսատնտեսական վիճակից, համարելով, թե Հայաստանը շարժվում է ճիշտ ճանապարհով, ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Դա իշխանության ողջ թիմի մոտավոր թիվն է. կառավարությունից մինչև մարզպետարաններ և թաղապետարաններ։ Ճիշտ է, այդ հարցումն անցկացվել Է 2021 թվականի դեկտեմբեր-2022 թվականի մարտ ամիսներին և, կարծում եմ, այդ թիվն այսօր փոքր-ինչ աճել է՝ հասնելով մոտ 10 հազարի։ Չեմ կարծում, թե Հայաստանում կան մարդիկ, բացի այդ կորիզից, որոնց հետ հնարավոր չէ ընդհանուր եզրեր գտնել, խոսել, բերել քո դաշտ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այդ 10000-ի մեջ քիչ չեն հարմարվողականները. դրանք այնքան շատ են, որ վերջում կապիտուլյանտի կողքին կմնա ոչ ավելի, քան հազար հոգի։ Այնպես որ ընդդիմությունը, եթե ցանկանա և լավ աշխատի, ծավալվելու տեղ ունի...»:

Եվ թող ոչ ոք, նախևառաջ իշխանության ներկայացուցիչները, չկարծեն, թե իրենք ապահովագրված են թուրքի յաթաղանից։ «Թշնամու համար կարևոր չէ, թե որ եկեղեցու հետևորդն ես դու, որ կուսակցությանն ես համակրում, ում ես ընտրել 2018-ին, հարուստ ես, թե աղքատ. թշնամին բոլորին նույն կերպ է նայում՝ չհանդուրժելով հայոց ազգային ինքնությունն ու հայկական տարրը ոչ մի պարագայում»,- եզրափակեց Էդգար Էլբակյանը: