Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱ՛Մ ԿՓԱԿԻ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ, ԿԱ՛Մ ԱՅՆՏԵՂ ԱՆՑԱԿԵՏ ԿՏԵՂԱԿԱՅԻ

Հայաստանի իշխանությունը վերջին օրերին բարձրաձայնում է «Լաչինի միջանցքի» շուրջ խորացող խնդրի մասին, մասնավորապես, մտավախություն կա, որ Ադրբեջանը կա՛մ այն կփակի կա՛մ այնտեղ անցակետ կտեղակայի։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Այս թեմայի և նման սպառնալիքի մասին ամիսներ առաջ եմ խոսել, առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը հանձնվելուց ու Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությունից հետո, միջանցքը պարզապես վերածվել է զուտ ճանապարհի։

Հայաստանի իշխանությունն առանց համապատասխան երաշխիքների համաձայնվել է երթուղու փոփոխության՝ հանձնելով նաև հայկական բնակավայրերը։

Իրադրությունն այնպիսի կրիտիկական վիճակի է հասել, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կմ-ոց բուֆերային գոտին, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, չի պահպանվում, իսկ ադրբեջանցիները ճանապարհամերձ հատվածներում մարտական դիրքեր են տեղակայել։

Դրանք այնպիսի հատվածներում են, որ երթևեկելիս նկատելի չեն, սակայն այնպիսի տեղակայում ունեն, որով խախտվում է միջանցքային տրամաբանությունը։

Հայաստանի իշխանության հանձնողական քաղաքականության հետևանքով ոչ միայն ընդլայնվում են ադրբեջանական պահանջները, այլ դրանք քայլ առ քայլ իրագործվելով նոր սպառնալիքներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար",- գրել է Աբրահամյանը։

VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ահազանգել էր, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր է ստեղծում:

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է իրենց տարածք ցամաքային ականներ տեղափոխելու համար. դա բացարձակ սուտ է: Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- մասնավորապես գրել էր Մարուքյանը։

VERELQ