ՀԿԵ-ՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ 2022-2023ԹԹ. ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵԶՈՆԻՆ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ավարտվել է գծի և այլ ենթակառուցվածքների աշնանային կոմիսիոն զննումը: Հանձնաժողովն ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ իրականացրել է ենթակառուցվածքի ամբողջական զննում՝ գնահատելու դրա պատրաստվածությունը և անձնակազմի աշխատանքը ձմեռային պայմաններում աշխատելու համար:
Վերստուգման են ենթարկվել գծեր, վարչական և տեխնոլոգիական նշանակության շենքեր և շինություններ, արհեստական կառույցներ, էներգետիկայի և ավտոմատացման սարքավորումներ: Մասնավորապես, ուսումնասիրվել է 800 կմ գծերի և կոնտակտային ցանցի ձմեռային պատրաստվածության վիճակը, մանրակրկիտ ստուգվել են 20 կամուրջներ, 15 քարշային ենթակայան և 53 կայարան։
Բացի այդ, ստուգվել են անձնակազմի ապահովվածությունը ձմեռային համազգեստով, գծերում և այլ ենթակառուցվածքներում ձյան դեմ պայքարի միջոցները, հակահրդեհային և վերականգնողական գնացքների պատրաստվածությունը, ինչպես նաև աշխատակիցների կենցաղային պայմանները և դրանց համապատասխանությունն աշխատանքի պաշտպանության չափանիշներին: Միջոցառումների այս ամբողջ համալիրն ուղղված է ձմռանը կրիտիկական ցածր ջերմաստիճանի պայմաններում և օրական ջերմաստիճանային տատանումների ժամանակ երկաթուղային ենթակառուցվածքի կայուն աշխատանքին նախապատրաստվելուն:
Ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ բուսականությունից և կենցաղային աղբից մաքրման ուղղությամբ (Երևանի տարածքում այդ աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչի համար ընկերությունը շնորհակալություն է հայտնում): Այս միջոցառումները բարելավում են ճանապարհի երկայնքով տեսանելիությունը և ուղղված են ճանապարհին ձյան տակ մնացած բուսականության և քարերի՝ գծերին հայտնվելը կանխելուն: Ստուգման ընթացքում հայտնաբերված նորմերից շեղումները կվերացվեն մինչև օրացուցային ձմռան սկիզբը:
Նախորդ կոմիսիոն զննության համեմատ ենթակառուցվածքների վիճակը զգալիորեն բարելավվել է Վանաձորի և Գյումրիի տեղամասերում։ Ցավոք, բացի Վանաձորի տեղամասից, չթույլատրված գծանցների և օրինական գծանցների կահավորման հետ կապված իրավիճակը շարունակում է խնդրահարույց մնալ տեղական ինքնակառավարման մարմինների անգործության պատճառով, որոնց իրավասության շրջանակում է գտնվում խնդիրների լուծումը: Այս խնդիրը երկաթուղու ենթակառուցվածքների վրա տարածված արտաքին ազդեցություններից մեկն է։ Վարորդների և ֆերմերային տնտեսությունների կողմից գծերի հատման կանոնների խախտումը, չհամապատասխանելը հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների և շարժակազմի բախմանը խոչընդոտների: Բացի այդ, երկաթուղու երկայնքով կան ճանապարհների մոտ 30 հատվածներ, որոնք տրանսպորտային միջոցների և երկաթուղու շարժակազմի միջև բախումների մեծ ռիսկ են պարունակում, ինչը պահանջում է պետական իշխանությունների միջամտությունը։
Հանձնաժողովի զննության արդյունքում կարելի է փաստել, որ երկաթուղին պատրաստ է առաջիկա ձմեռային շրջանում ուղևորների և բեռների անվտանգ փոխադրմանը։
Նշենք, որ 2022 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախատեսել է ենթակառուցվածքների տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին ուղղել 2 մլրդ 665 մլն դրամ, ինչը դրական ազդեցություն կունենա երթևեկության անվտանգության մակարդակի վրա ։ Մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 200 մլն դրամ ՝ էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի տնտեսությանը։ Ընթացիկ տարում կապիտալ վերանորոգմամբ ամբողջությամբ թարմացվել են 8 կիլոմետր երկարությամբ գծեր։