«Ժողովուրդ»․ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՓՈՐՁԵԼ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՈՐԴՈՒՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փորձել է կալանավորել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի տեղակալը և պահանջել, որ դատարանը Խաչատուրովի որդուն կալանավորի, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է նորանշանակ դատախազի տեղակալի բողոքը»,– գրում է օրաթերթը։
Նշենք, որ մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակին և որովայնին։
Կալանավորումից 2 ամիս անց՝ հուլիսի 11-ին, Իգոր Խաչատուրովն ազատ արձակվեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց: Այժմ նրա գործով դատական նիստերը շարունակվում են: