Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ, ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՋՐԱՆՑՔԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՕՏԱՐՎԱԾ ՋՐԱՎԱԶԱՆԸ

Գիտնականները կասկածներ ունեն, որ այն, ինչ կատարվում է իրենց կենտրոնի շուրջը, հովանավորվում է լծակներ ունեցող այնպիսի մեկի կողմից, ով իր շահն ունի։ Կառուցապատողն էլ վստահեցնում է, որ ամեն ինչ անում է փաստաթղթերով ու օրինական ճանապարհով։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի առօրյան տևական ժամանակ խաթարվել է շինարարական աշխատանքների պատճառով։ Լաբորատորիայում աշխատելու փոխարեն ստիպված են օրվա մի մասը նվիրել ինստիտուտի շենքի, տարածքի պահպանման պայքարին։

Դեռևս ուրարտական ժամանակներում կառուցված «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն անցնում է այս կենտրոնի տարածքով։

Քանաքեռի ՀԷԿ-ից մինչև Վարդավառի լիճ հասնող ջրանցքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների՝ 2004-ին հաստատված պետական ցուցակում է։ Կառավարության՝ 2021 թ հուլիսի 26-ի որոշմամբ՝ այս ջրանցքի մի հատվածը հանվեց այդ ցանկից։ Ըստ պատճառաբանության կամ հիմնավորման՝ Ազատության պողոտայից մինչև Ուլնեցու փողոց ձգվող հատվածը բազմաթիվ վերակառուցումների հետևանքով կորցրել է պատմամշակութային արժեքը։ Ու միգուցե այս որոշման հետևում իրական այլ պատճառների վերաբերյալ կասկածներ չլինեին, եթե երկու քայլ այն կողմ չնախատեսվեր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում։

Երկու քայլ այն կողմ էլ նախկինում կենտրոնին պատկանած ջրավազանն է, որն էլ հենց դեռ տարիներ առաջ օտարվել է, հետո մի քանի անգամ վերավաճառվել։ Հիմա արդեն սեփականության իրավունքով պատկանում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին, որն էլ հենց նախատեսում է այդտեղ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել։ Մի քանի շաբաթ առաջ էլ ընկերությունը սկսել է Աբուհայաթ ջրանցքի՝ «պատմամշակութային արժեքը կորցրած հատվածի» մի մասի արդիականացման աշխատանքները։ Նոյեմբերի 16-ին գիտատեխնոլոգիական կենտրոնի (միավորում է 3 կառույց՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) գիտաշխատողները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի և կառավարության մոտ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կատարվող աշխատանքները։ Sputnik Արմենիայի թիմն այցելել է կենտրոն՝ հասկանալու՝ ինչն է մտահոգում գիտնականներին ու նաև լսելու կառուցապատող ընկերության տեսակետը։

Երբ ու ինչպես է սկսվել պատմությունը

Այս պատմությունը նոր չի սկսվել։ Ջրավազանի տարածքը օտարվել է դեռ 2006 թվականին կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից գրեթե 220 անգամ պակաս գնով։ Ընդ որում՝ օտարված տարածքը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում է, ուստի օրենքի խախտում է արվել։ Դեռ 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքն ուսումնասիրվել է, առերևույթ հանցագործության մասին ստացված տվյալները փոխանցվել են Քննչական կոմիտե, որտեղ քրեական գործ է հարուցվել։ 2019 թ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այս ամբողջ պատմությանը։ Պարզվում է՝ նախաքննության արդյունքում հաստատվել է, որ ամբողջ գործարքն արվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնեական անփութության արդյունքում:

«Իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է»,- գրել է Աբրահամյանը:

Հետագայում գործը կարճվել է վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած լինելու պատճառով, այլ ոչ թե արդարացնող հիմքով:

«Քանի որ Երևան քաղաքի համայնքն է հանդիսանում թաղային համայնքների իրավահաջորդը և տվյալ դեպքում «տուժողը», Երևան քաղաքի դատախազությունը 30.05.2019թ. գրությամբ Երևանի քաղաքապետին առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետևանքները կիրառելու և գույքը Երևան համայնքին վերադարձնելու ուղղությամբ»։

Գույքը, սակայն, այդպես էլ օտարված է մնացել։

Ի՞նչ են ասում քիմիկոսները

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ իրականում այս ամբողջ խառնաշփոթ պատմությունը դեռ 1997-ին է սկսվել։ Ջրավազանը, որն ի դեպ ավելի վաղ է կառուցվել, քան շրջակա շենքերը, կառուցվել է որպես գիտական համալիրի մի մաս՝ քիմիական ինստիտուտների արտանետումների բացասական ազդեցության կանխման համար։ Միաժամանակ, այս ջրավազանը «Աբուհայաթ» ջրանցքի համար ծառայել է որպես «отстойник», որը տարեկան մեկ անգամ պետք է դատարկվեր ու մաքրվեր։

«Ֆինանսական միջոցների սղության պատճառով այս տարածքը հանձնվել է քաղաքապետարանին, վերջինս էլ իր հերթին տվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին, մեկ տարի անց տարածքը վաճառվել է ընդամենը 1,2 մլն դրամով։ Այս ջրավազանը մեզ համար նաև անսպառ ջրի աղբյուր էր, միշտ գիտեինք՝ հանգիստ կարող ենք աշխատել, իսկ հիմա ջուրը կտրում են, աշխատանքները կանգնում են»,- ասում է Հակոբյանը։

Ջրավազանն, այսպես ասած, քիմիկոսներից «խլվեց», թեպետ այդտեղ դեռ շինարարական աշխատանքներ չեն արվում, բայց տարածքն արդեն ցանկապատվել է։ Այս պահին կառուցապատողը ջրատարի տեղափոխման աշխատանքներ է իրականացնում, և գիտնականներն արդեն դժգոհում են՝ աշխատել չի լինում, շենքերը, լաբորատորիաները դղրդում են, որոնցում նաև գերզգայուն, թանկարժեք սարքավորումներ են։

«Երկու շաբաթ է՝ էս մի փոքր տեղն են անում, բազալտ է, չի քանդվում, պատկերացնո՞ւմ եք, որ մտան էստեղ (նախկին ջրավազանի տարածք), քանի ամիս են քանդելու։ Բացի այդ, բոլոր կորպուսների տակ քիմիական պահեստներ են»,- նշում է Ռոբերտ Հակոբյանը։

«Իրավունք չկա նման բան անելու պահպանման պայմաններ կան։ Դրա համար էլ այս ամբողջ համալիրը կառուցվել է, դրանից հետո են միայն մարդկանց այստեղ աշխատելու բերել»,- գործընկերոջ խոսքին հավելում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը։

Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ հիմա աշխատանքներն իրականացվում են կենտրոնի վթարային ելքի առջև։ Ասում է՝ ելքի դարպասն էլ օրերս «բուլդոզերով» քանդեցին։

«Մենք հիմա վթարային ելքից զրկված ենք։ Գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում2018-ին մասնաշենքերից մեկում հրդեհ եղավ, պարզապես քիմիական երկու նյութեր էին խառնվել՝ շշերից մեկը կոտրվել, մյուսին էր կպել»։

Կառուցապատողի հետ հանդիպումներ ունեցել են, փոխըմբռնման չեն հասել։ Ընկերությունը խոստացել է՝ եթե իրենց աշխատանքների ընթացքում որևէ սարքավորում վնասվի, իրենք վերանորոգելու պատասխանատվություն են ստանձնում։ Արփինե Հարությունյանի խոսքով՝ դա հարցի լուծում չէ, նշանակում է՝ ամիսներով աշխատանքը պետք է կանգնի, մինչև սարքավորումը վերականգնվի կամ փոխարինվի։

«Վերջին հանդիպումն իրենց հետ հոկտեմբերի 30-ին էր, 5 հոգով եկան, ներկայացան։ Իրենց խոսելն էս էր՝ մեկ է՝ անելու ենք»,- շեշտում է Ռոբերտ Հակոբյանը։

«Ինչքան էլ իրենց խոսքը հիմա փոխվի, բայց դա ասվել է և 200 աշխատակից լսել է՝ վաղը մյուս օրը ձեր կորպուսներն էլ եք մեզ վարձակալության տալու, խնդրելու եք, որ վերցնենք։ Եթե կան մարդիկ, որոնք գիտությունը դիտարկում են փող տալ-վերցնելու առումով, բնականաբար էդ մարդու հետ նույն սեղանի շուրջ նստելն ու քննարկելն անիմաստ է։ Մենք այդ օրվանից այլևս իմաստ չենք տեսնում կառուցապատողի հետ հանդիպելու»,- հավելում է Արփինե Հարությունյանը։

Գիտնականները խոր կասկածներ ունեն, որ կենտրոնի շուրջը կատարվող այս ամենը հովանավորվում և/կամ ուղղորդվում է լծակներ ունեցող այնպիսի մեկի կողմից, ով իր շահն ունի այս պատմության մեջ, որովհետև կառուցապատման թույլտվությունը ստանալու համար բոլոր խոչընդոտները տարիներ շարունակ քայլ առ քայլ վերացվում են։ Ընդ որում՝ դա արվում է տարբեր իշխանությունների օրոք։

«Մենք, օրինակ, գիտեինք, որ համալիրի կենտրոնական մասնաշենքը ևս պատմամշակութային տարածք է, և, ըստ օրենքի, 47մ հեռավորություն պետք է պահպանվի, այսինքն՝ շինարարություն չարվի, սակայն գոտիականությունն էլ վերացվեց, ու հիմա հսկա համալիրը երևի մի 10-20 մետր հեռավորության վրա է կառուցվելու»,- նշում է Ռոբերտ Հակոբյանը։

Կենտրոնը գրավոր դիմել է 7 գերատեսչությունների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ։ Հարցը նաև վարչական դատարանում են վիճարկելու։

Ի՞նչ է ասում կառուցապատողը

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն ջրավազանի տարածքը ձեռք է բերել 2018թ-ին։ Ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանն ասում է՝ առկա է ոչ միայն սեփականության իրավունք, այլև մինչ այս պահն արված ու այս պահից հետո էլ արվելիք ամեն ինչ օրինական է։

«Այստեղ ինչ-որ բան կառուցելու շինթույլտվություն չունենք։ Հորատման աշխատանքների թույլտվություն ունենք, որոնք ավարտվել են, հիմա նախագծման աշխատանքներ են իրականացվում, որից հետո դիմելու ենք շինթույլտվության համար»,- նշում է խոսնակը։

Խոսելով ջրատարի հատվածում արվող աշխատանքների մասին՝ Մանուկյանն ընդգծում է՝ կրկին ամեն ինչ արվել է տրված թույլտվության շրջանակում։

«Իրենք (ինստիտուտի գիտաշխատողները) որևէ բանակցության չեն ցանկանում գնալ։ Եթե օրենքի տառին համապատասխան խոսենք, որևէ մեկը որևէ բան չի կարող, որովհետև բոլոր հնարավոր ձևերով մեզ մոտ ամեն ինչ օրինական է՝ մի քարը որ վերցնում, մեկ այլ տեղ ենք դնում, դրա տակ ունենք փաստաթուղթ և թույլտվություն։ Մեր գործողությունների ընթացքում նաև ոստիկանությունն է ներկա եղել, չեմ մտածում, որ ոստիկանները գալիս են անօրինականությունը պաշտպանելու»,- շեշտում է ընկերության ներկայացուցիչը և հավելում՝ կենտրոնի ներկայացուցիչները կեղծ տեղեկություններ են տարածում։

Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև կենտրոնի «դարպասը քանդելուն»։ Ասում է՝ ոչ մի տեղ չեն ներխուժել, ոչինչ չեն քանդել, դարպասը ապամոնտաժել են՝ հետագայում տեղը վերադարձնելու պայմանով։

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր օրինական գործողություններին վերաբերող բոլոր կարծիքներն ու խոսքերը, որոնք հնչեցնում են նրանք, սուտ են»,- եզրափակում է Նարեկ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մտահոգություններ չկան կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրի և քիմիական ինստիտուտների մոտ գտնվելու վերաբերյալ, Մանուկյանը մատնացույց է անում ինստիտուտների հարևանությամբ գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքերն ու հավելում՝ եթե խնդիր կամ վտանգավոր լիներ, ուրեմն այս փողոցով պետք է քայլող էլ չլիներ։

ՀԳ Ի դեպ, կենտրոնի գիտաշխատողների խոսքով՝ հետնամասում գտնվող բազմաբնակարան այդ շենքերը ևս կառուցվել են կենտրոնին նախկինում պատկանած տարածքում։ Այնտեղ, որտեղ հիմա այս շինություններն են վեր խոյանում, տարիներ առաջ եղել է կենտրոնի վիվարիումը (փորձեր կատարելու համար կենդանիների բազմացման և պահպանման շենք):

Մարիաննա ՓԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա