Դատարանները կբեռնաթափեն օրենսդրական լուծումներով

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարանները, ինչն էականորեն կնվազեցնի արդարադատության ուշացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։

Նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի է ունեցել վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցել են հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ։

«Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգը հիմնովին փոփոխման, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր։ Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, դատավորների կարողությունների զարգացմանն ու դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Հաջորդ շաբաթ տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից:

Sputnik Արմենիա