Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ տուժած զինծառայողները կարող են առցանց դիմել աջակցության համար
Սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները կարող են առցանց դիմել աջակցության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Խոսքը վերաբերում է 500,000 դրամի չափով միանվագ աջակցությանը։
«Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ` https://bit.ly/3GOIGdh կամ մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները»,– առցանց դիմում ներկայացնելու համար քայլերը ներկայացնում է նախարարությունը։
Նշենք, որ շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել։ Անհրաժեշտ պայմաններից է, որ շահառուն չունենա հաշմանդամության խումբ կամ ունենա (կարող է ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
Ֆինանսական օգնությունը տրամադրվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Sputnik Արմենիա