«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Որոշումը կայացվել է կուսակցության խորհրդի երեկվա նիստում, որի մասին նրանք հայտարարություն են տարածել։

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

««Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով՝ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը»,– ասված է հաղորդագրությունում։

«Վերածնվող Հայաստանը» հայտնում է նաև, որ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։

«Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,– ասված է հայտարարությունում։

Հաղորդագրության համաձայն` կուսակցության խորհրդի անդամները այս որոշմանն են եկել երկար քննարկումների արդյունքում։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր»,– գրված է հաղորդագրությունում։

Կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում։

Sputnik Արմենիա