Գրոսի․ ՄԱԳԱՏԷ-ն կուժեղացնի իր ներկայությունը Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ներում

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կավելացնի իր ներկայությունը Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ներում։ Այս մասին գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։

«Ես նաև հաստատել եմ, որ ՄԱԳԱՏԷ-ն կուժեղացնի իր ներկայությունը Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ներում՝ դրանց էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,-Twitter-ում հայտնել է Գրոսին՝ մեկնաբանելով Կուլեբայի հետ հանդիպումը:

Նրա խոսքով, «Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու հրատապ ստեղծման համատեղ աշխատանքը շարունակվում է»:

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների քանակով և հաստատված հզորությամբ այն ամենամեծն ԱԷԿ-ն է Եվրոպայում. կայանում կա մեկական գեգավատտ հզորությամբ վեց էներգաբլոկ: Մարտից ի վեր այն հսկում են ռուս զինվորականները։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ այդ քայլն արդարացված է` միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից խուսափելու համար:

Sputnik Արմենիա