Լավրովը և Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` քննարկումները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ կողմերը մանրամասն կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն կդարձվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքի քննարկմանը։

Նա ընդգծեց, որ համաձայնագրերը կոչված են ապահովելու հայ–ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները` Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, վերջին անգամ հոկտեմբերի 31-ին Սոչիում են քննարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը և ղարաբաղյան խնդիրը: Եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։

Sputnik Արմենիա