ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ թղթին կհանձնի, և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային կարգով դրանք կքննարկենք։ Հայտարարության նախագծի (ընդգրկված է նիստի օրակարգում. խմբ.) մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Կարծում եմ` աշխատանքային պրոցեսի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով` անգամ այն դեպքում, եթե ընդդիմության հետ չկարողանան ընդհանուր որոշում կայացնել հայտարարության վերաբերյալ, արտահերթ նիստն այնուամենայնիվ կկայանա։ Աղաջանյանը վստահեցրեց` իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին։

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ է հրավիրում։ Ընդդիմադիրներն ուզում են, որ ԱԺ–ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։

Նշենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմել էր ՀՀ խորհրդարանին` կոչ անելով հայկական կողմին «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը»։ Այսինքն` նրանք կարծում են, որ Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիման վրա արված քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Sputnik Արմենիա