Ղարիբաշվիլին և Ռիկերը քննարկել են Վրաստանի մոդերատորական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հետ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին և Ֆիլիպ Ռիկերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։

Նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկայի մասին, ինչը պայմանավրրված է երկու երկրների համագործակցության շրջանակում ձեռնարկված քայլերով։

Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը հետագայում խորացնելու և ամրապնդելու ներկայիս համագործակցությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանի և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները, Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսության մեջ։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները ցանկացած հակամարտություն լուծելու և առաջընթաց գրանցելու միակ և կարևոր միջոցն են։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

News.am