Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ ՆԱԽԱԴԵՊ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԵՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը քաղաքական առումով նախադեպ և որոշակի ճնշման մեխանիզմ կարող է լինել, բայց պետք չէ սրա վրա կենտրոնանալ և սպասել լուրջ փոփոխությունների: Պետք է ինքներս կարողանանք մեր խնդիրները լուծել, հետո նոր դիմենք միջազգային հանրությանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:
Ինչպես հայտնել էինք, երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:
Նշենք, որ երկու շաբաթ առաջ էլ Ֆրանսիայի ստորին պալատն էր հավանություն տվել բանաձևին, այսինքն՝ Ֆրանսիայի օրենսդիրի երկու պալատներն էլ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ընդունել:
Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբ՝ սա Ֆրանսիայի պաշտոնական տեսակետը չէ, քանի որ պաշտոնական դիրքորոշում, որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ներկայացնում է գործադիր իշխանությունը՝ ի դեմս նախագահի և արտգործնախարարի:
Բանաձևերը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր չեն, այսիքն ՝ պարտադիր կատարման ենթակա չեն Ֆրանսիայի ղեկավարության համար, քանի որ գործադիրը պարտավոր չէ առաջնորդվել օրենսդիրի կողմից ընդունված բանաձևերով.
«Բայց ակնհայտ է, որ Ֆրանսիայի քաղաքական վերնախավում, այսինքն՝ նաև գործադիրում, կա կոնսենսուս այս հարցով: Եթե նույնիսկ կոնսենսուսի մասին բարձրաձայն չի հայտարարվում, դա չի նշանակում, որ գործադիրը համաձայն չէ: Ընդհակառակը, առանց գործադիրի համաձայնության, արտաքին քաղաքական լուրջ ազդեցություն ունեցող բանաձևեր չէին ընդունվի Ֆրանսիայի օրենսդիրի երկու պալատների կողմից »,-ասաց նա:
Սուրեն Սարգսյանը չի բացառում նաև, որ սա նախադեպ կարող է հանդիսանալ ԵՄ այլ երկրների համար, որոնք ևս կարող է նման բանաձևով հանդես գան.
«Ճնշումները շարունակական են Ադրբեջանի նկատմամբ, քանի որ բոլորը հասկանում են՝ Ադրբեջանն ագրեսիվ կողմն է, նա է ռազմական գործողություններ հրահրում և հարձակվում Հայաստանի վրա, բնական է, որ միջազգային հանրությունը, գոնե հայտարարությունների մակարդակով պետք է կարգի հրավիրի: Սա, իհարկե, չի նշանակում, որ Ադրբեջանը միանշանակորեն անելու է այն, ինչ իրեն ասում է միջազգային հանրությունը, քանի որ ինքն էլ ունի որոշակի ուժ՝ այդ ճնշումները զսպելու համար, հատկապես՝ Թուրքիայի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե հրաժարվում է դեկտեմբերին Բրյուսելում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ վերջինս պահանջել էր, որ հանդիպմանը ներկա լինի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
Ավելի վաղ, սակայն, պարզ դարձավ, որ Ալիևն ամեն դեպքում մտափոխվել է, և դեկտեմբերին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա:
Մեր հարցին՝ թե այս հանդիպմանն ընդառաջ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված հայամետ այս նախագիծն ի՞նչ հետևանքներ կունենա բանակցային հետագա գործընթացի վրա, եթե հաշվի առնենք, որ Ալիևը հանդիպումից հրաժարվել էր պատճառաբանելով, թե չի ցանկանում Ֆրանսիայի նախագահը ներկա լինի հանդիպմանը, Սուրեն Սարգսյանն համոզմունք հայտնեց, որ Ալիևը հենց միջազգային հանրության ճնշման ներքո է մտափոխվել.
«Ֆրանսիայի դիրքորոշումը հետաքրքիր դիվանագիտական ճնշում կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ, չեմ բացառում, որ նման ճնշում լինի նաև ԱՄՆ-ի կողմից:
Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այս ճնշումները կարող են շարունակական լինել և ինքը կարող է ընկալվել որպես ագրեսոր կողմ»: