Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱՆԱՐԳԱՆՔ Է ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կարճ, բայց կարևոր։ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անարգանք է Գուրգեն Մարգարյանի հիշատակի նկատմամբ և մարդասպան Սաֆարովի «ներում»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012-ին, երբ Սերժ Սարգսյանը հրավիրեց ԱԽ նիստ, որի ընթացքում քննարկվեց այն աղաղակող փաստը, որ Հունգարիայի կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ, Ադրբեջանին է արտահանձնել հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:
Դա ազգային թասիբի հարց էր:
Սաֆարովը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին Եվրոպայի սրտում՝ Բուդապեշտում, գիշերը, ադրբեջանցուն բնորոշ վայրագությամբ, որից հետո դատապարտվել էր հունգարական դատարանի կողմից և պատիժը պետք է կրեր Հունգարիայում:
Ադրբեջանի նախագահ Ալիևը երկար ժամանակ փորձում էր հետ ստանալ իր մարդասպանին:
Հունգարիայի կառավարությունը Հայաստանի իշխանություններին երաշխավորում էր, որ այդպիսի գործարքի չի գնալու, մինչդեռ Ադրբեջանը հունգարական պարտատոմսեր գնեց և տեղի ունեցավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործընթացը:
Բաքվում մարդասպան կոչելու փոխարեն Սաֆարովին ամնեստիայի ենթարկեցին, դարձրին ազգային հերոս, կուռք, պարծանք:
Այսօր արդեն, Արարատ Միրզոյանը պայմանավորվել է վերականգնել հարաբերությունները:
Ի՞նչ է փոխվել Հունգարիայում, գուցե կառավարությու՞ն, գուցե նոր վարչապե՞տ կամ գուցե Օրբանը զղջացել է, ներողություն է խնդրել, իր ԱԳ նախարարները հանրային խոսքում ցավակցել են:
Ո՛չ, ոչ մի նման բան:
Իսկ Հայաստանում փոխվել է իշխանությունը, հայրենասեր, պետականամետ իշխանությանը փոխարինել են դավաճան սրիկաները:
Այս իշխանության համար «մի արյուն այս կողմ, մի արյուն այն կողմ», ոչ մի տարբերություն:
Շատ դաժան է ասել, բայց այս իշխանությունը փաստացի ներում է ոչ միայն Օրբանին, այլ՝ Սաֆարովին:
2012-ից հետո Հունգարիայի հետ աշխատանքային հարաբերությունները, իհարկե, կարգավորվել են այս կամ այն կերպ, քանի որ Հունգարիան ԵՄ անդամ էր և բազմաթիվ համաձայնագրերի վավերացում «ստոպ» չտալու համար կարիք կար Հունգարիայի համաձայնությունը (օրինակ ՝ ՍԵՊԱ-ի ժամանակ):
Մի քանի տարի առաջ երբ Արարատ Միրզոյանը դեռ ԱԺ նախագահ էր, ԱԺ գնացի՝ հանդիպման, որից հետո սկսվեց լրագրողների հարցուփորձը, թե ինչու:
Հարցերից մեկը կապված էր հենց Հունգարիայի հետ.
«Ֆիդես»-ը ԵԺԿ անդամ էր, ինչպես մենք ՝ հանրապետականներս և այդ քաղաքական ընտանիքի շրջանակներում ունեի աշխատանքային հարաբերություններ հունգար գործընկերների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, և խնդրել էի իրենց արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը հունգարական պառլամենտում:
Քանի որ չունեինք դեսպան, չկար դեսպանություն, այդ հարցի շուրջ աշխատանքային բեռն ինձ վրա էի վերցրել:
Հանդիպման գնացել էի փոխանցելու Արարատ Միրզոյանին հունգարական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի՝ ինձ ուղղված անձնական նամակը, որում նա գրել էր՝ ի կատարում իր խոստման, հունգարական խորհրդարանում քննարկվել և վավերացվել է ՍԵՊԱ-ն:
Քանի դեռ Հունգարիայում Սաֆարովին արտահանձնելու «արյան մեղքը» կրող կառավարություն է, որ այդպես էլ Սաֆարովի արտահանձնման համար ներողություն չէր խնդրել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ուրացման հերթական արարն է այս իշխանության կողմից:
Այս իշխանությունը թքած ունի մեր արժանապատվության վրա:
Սա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ»,-կարծում է Աշոտյանը: