«Ժողովուրդ»․ ԱՎԻՆՅԱՆՆ «ԱՌՈՒՆ ՉՌԱԾ, ՀՈՊ Է ԱՍՈՒՄ». ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ Է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» և իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաև երեկ Երևանի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսն էր, որին միանգամից երկու փոխքաղաքապետ էր մասնակցում, բայց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չկար ու չկար: Եվ այս օրերին էլ, երբ մեծ աղմուկ են հանել Հանրապետության հրապարակում իրականացված լուսազարդարման աշխատանքները, արձագանքները հենց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մակարդակով է:

Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ և իրեն լիովին քաղաքապետ է զգում: Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Տիգրան Ավինյանը ևս իրեն զգում էր որպես քաղաքապետ, որոշում, թե բանախոսներից ով որ հարցին պետք է պատասխանի, սակայն այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին՝ ամանորյա զարդարանքներն իր PR-ի համար են արվում, թե ոչ:

Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին հենց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների հետ միացնելու ամանորյա տոնածառերի լույսերը, ինչն ավանդաբար հենց քաղաքապետն է անում:

Հենց այդ օրը՝ ժամը 13:00-ին, Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես գալու և թերևս կանդրադառնա նաև այդ հանգամանքին»:

Yerevan Today