«Փաստ»․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՍՈՍԿ ՏԱՐԱ՞ԾՔ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն իրենց քայլերով ամեն օր ապացուցում են, որ իսկապես լիովին ձեռք են քաշել Արցախից: Դա արտահայտվում է նույնիսկ ՀՀ պետբյուջեում: Ի մասնավորի, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին:
Մի շարք փոփոխությունների շարքում աչքի է զարնում մի «խմբագրական» փոփոխություն, որը, սակայն, բավականին խոսուն է: Խոսքն այն մասին է, որ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծի 7-րդ հոդվածում գրված է. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ)»:
Սակայն արդեն դեկտեմբերի 1-ին ընդունված լրամշակված տաբերակում նույն հոդվածում նշված է. «Լեռնային Ղարաբաղին սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է...»: Այսինքն, նախնական ընդունված տարբերակից երկու ամիս անց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում Արցախի Հանրապետությունը դարձել է Լեռնային Ղարաբաղ: Փաստորեն, այս կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ աշխարհագրական տարածք: Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հետ կապված, և «Արցախի Հանրապետություն» բառակապակցության փոխարեն առաջարկել «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը»: