Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով նախաքննության ընթացքում տուժող կողմը թերացում դեռևս չի նկատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

«Այսպես ասած, աչքներս չորս արած հետևելու ենք, որտեղ թերություն տեսանք, բարձրաձայնելու եմ, բայց այս պահին ինչ-որ դժգոհություն չկա: Նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց եզրակացություններից հետո արդեն շատ բան պարզ կլինի: Այդ դեպքում հնարավոր կլինի արդեն միջնորդություններ ներկայացնել: Գործից շատ հանգամանքներ, ի տարբերություն պաշտպանական կողմի, իրենց ողջ ծավալով մեզ հասանելի չեն, այդ պատճառով այժմ գնահատականներ տալուց պետք է զերծ մնամ»,- նշեց Գալիկյանը:

Նշանակված փորձաքննություններից մեկն էլ դատահոգեբուժական է՝ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի նկատմամբ: Գալիկյանը, սակայն, ընդգծում է, անգամ եթե եզրակացությամբ ապացուցվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատասխանատվությունից չի ազատվի:

«Նման դեպքերում նշանակվում է հարկադիր բուժում, անձին մեկուսացնում են և նա օրինակ կարող է 20 տարի անցկացնել այդ հարկադիր բուժման մեջ: Եթե անձի նկատմամբ անմեղսունակությունը պարզելու փորձագիտական հետազոտություն է նշանակվում, դեռ չի նշանակում, որ տվյալ անձը մեղսունակ չէ: Նմանատիպ գործերում հիմնականում միշտ էլ փորձաքննություն նշանակվում է: Դեռ պետք է ապացուցել, որ Վրույր Բարսեղյանն արարքը գործելու պահին եղել է անմեղսունակ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: