Բայրամովը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների երրորդ փուլի հնարավորության մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծով բանակցությունների երրորդ փուլի հնարավորության մասին։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի նախագիծ, հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի վերջը։ «Ադրբեջանը հինգ հիմնական սկզբունքների հիման վրա համաձայնագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո բանակցությունների երկու փուլ է անցել։ Կցանկանայի տեղեկացնել նաև, որ հայկական կողմին արդեն ներկայացվել է ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթը, և մենք կարծում ենք, որ հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծով բանակցությունների երրորդ փուլ անցկացնել»,- ասել է նա։ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը նպատակադրված է Հայաստանի հետ հակամարտության շուտափույթ կարգավորմանը։ «Ադրբեջանական կողմը առավելագույնս տրամադրված և նպատակադրված է, որ այս հարցը արագ լուծվի, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է նա։

News.am