Աննա Վարդապետյանը պատգամավորների հարցով վաղն ԱԺ չի մտնի

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյաը վաղն ԱԺ չի գնա` «Հայաստան» խմբակցության 2 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ առաջիկա նիստում Աննա Վարդապետյանն անձամբ կներկայանա և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացնի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասով։ Վահե Հակոբյանն, ի դեպ, արդեն վայր է դրել մանդատը, իսկ Սեյրան Օհանյանն այսօր հայտնել էր, թե նման տեղեկություն չունի։

«Գլխավոր դատախազությունում այս պահին միջնորդություն չկա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի: