ՍՈՎԸ ՉԱՐԻՔ Է: ԱՆՈՒՆԸ՝ ԳՆԱՃ
Նոյեմբերին Հայաստանում գները շարունակել են «քառատրոփ արշավել»
Այդ միայն ՔՊ-ականներն են, այդ թվում՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Քերոբյանի, համարում, թե բարձր գնաճի դեպքում էլ քաղաքացիները կարող են բանի տեղ չդնել դա և արժանապատիվ գոյություն «քարշ տալ»։ Ամենայն հավանականությամբ, նրանք նկատի ունեն իրենց, քանզի ոչ ոք չի կասկածում, որ նրանց կենսամակարդակի վրա գների կատաղի աճը ոչ մի ազդեցություն չի գործում…
Օրերս հրապարակելով Հայաստանում աճող աղքատության և ծայրահեղ աղքատության (չքավորության) տագնապալի ցուցանիշները՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն դեկտեմբերի 5-ին այդ տվյալներին հավելել է նաև ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսի թարմ ցուցանիշը: Այսպես, 12-ամսյա գնաճը (ս.թ. նոյեմբեր ամիսը՝ 2021 թվականի նոյեմբերի համեմատ) կազմել է 8,8% տոկոս՝ մեկ ամսում (հոկտեմբերին) ավելանալով ևս 1,1%-ով։
Սակայն, նկատի ունենալով այն ապրանքների գների փոփոխությունը, որոնք սովորական սպառողն անհրաժեշտություն է ունենում գնել հազվադեպ (եթե ընդհանրապես գնում է), բայց որոնցով, առաջին անհրաժեշտության ապրանքների հետ մեկտեղ, այնուամենայնիվ հաշվարկվում է միջին գնաճը, ընդգծենք, որ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները նոյեմբերին թանկացել են երկնիշ 11,1%-ով, իսկ եթե վերցնենք այս տարվա 11 ամիսները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա 13,2% - ով:
Միջին ամսական գնաճն այս տարի կազմել է 0,6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 0,5%): Սույն թվականի նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, սննդամթերքն ամենից շատ թանկացել է Աշտարակում և Գավառում, թեև մայրաքաղաքում էլ ընդամենը մեկ ամսում գների աճն առավել քան շոշափելի է եղել. 2,4%։
Ես, ինչպեսև շարքային սպառողներից շատ-շատերը, ֆինանսական դժվարություններ ապրելով, կարող եմ յոլա գնալ առանց ավելորդ նոր վերնաշապիկի կամ, ասենք, մեծ տրամագծով խողովակների, բայց ինչպե՞ս, ասացեք խնդրեմ, տնտեսել հացի վրա, որը մեկ տարվա ընթացքում թանկացել է 15,8%-ով, պանրի (21,5%-ով), կաթի (11,1%-ով) կամ աղքատներին ավանդաբար փրկող մակարոնեղենի (28,1%-ով) և ձավարեղենի (13,8%-ով)։
Չեմ խոսում արդեն տավարի մսի մասին, որի գինն աճել է անչափ շոշափելի 23,5%-ով։ Մնում է միայն ապավինել խոզի մսին, որն էժանացել է... 0,2%-ով։
Առհասարակ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական նորմալ գործունեության համար անհրաժեշտ է պարբերաբար օգտագործել նաև բանջարեղեն և մրգեր, որոնք գնալով ավելի անմատչելի են դառնում գնային առումով: Օրինակ, բանջարեղենից լոլիկը թանկացել է 19,4%-ով, պղպեղը՝ 18,2%-ով, կարտոֆիլը՝ 8,3%-ով, իսկ մրգերից խնձորը՝ 34%-ով, տանձը՝ գրեթե 30%-ով, դեղձը՝ 32%-ով։
Էժանացած մթերքներից մեզ հաջողվեց գտնել միայն ձուն (11,1%-ով) և արևածաղկի ձեթը (2%-ով) ։
Եվ վերջում՝ որպես «տորթի վերին զարդ». մեկ տարվա ընթացքում բենզինը էժանացել է ոչ այնքան նկատելի 3,3%-ով, փոխարենը դիզվառելիքը թանկացել է շա՜տ նկատելի 24%-ով։
Շնորհավոր գալիք Ամանո՛ր: