ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՅՑ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» ԵՊՀ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր ճանաչողական շրջայց Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։
«ԳՊՄ Գոլդ» ընկերությունը կադրերի պատրաստման հարցին առաջնահերթ կարևորություն է տալիս։ Օրերս ընկերություն էին այցելել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողները և Արարատ համայնքի ավագ դպրոցի աշակերտները։
Ապագա մասնագիտություն ընտրելու նպատակով դպրոցականներն ու ուսանողները ծանոթացան Դորե համաձուլվածքի արտադրական և ձուլման գործընթացներին։ Ընդ որում, էքսկուրսավարը նույն դպրոցի շրջանավարտ Գարեգին Ղազարյանն էր, ով «ԳՊՄ Գոլդ» ընկերության սոցիալական և կրթական կրթաթոշակային ծրագրի շրջանակում՝ ավարտելով Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանը, ներկայումս աշխատում է ֆաբրիկայում։ Շրջայցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով տեղի ունեցավ երկխոսություն ուսանողների և ֆաբրիկայի մասնագետների միջև։
Ընկերությունը ոլորտի մասնագետներ պատրաստելու ծրագրի շրջանակում համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերական համալսարանի հետ։ Հայ ուսանողներին բուհեր սովորելու գործուղելուց բացի՝ ընկերության աշխատակիցների հմտությունները բարելավելու նպատակով 2022 թվականից մեկնարկեց «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։