Դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տակ է. Սիմոնյանը` Լաչինի միջանցքի փակման մասին

Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքին։

Նշենք, որ այդ օրը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, և Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին բացվել էր։

Սիմոնյանն ադրբեջանական կողմի այդ գործողությունները սադրանք որակեց։

«Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն: Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, որովհետև, կրկնում եմ, դա ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է»,– ասաց ԱԺ խոսնակը։

Ի պատասխան այն դիտարկմանը, որ ստացվում է` Արցախն ամբողջությամբ թողնված է ռուս խաղաղապահներին, Սիմոնյանը նշեց` բոլոր հարցերի պատասխանները կան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախը թողնելուն, կարծում եմ` ես չպետք է նորից հնչեցնեմ այն բոլոր քայլերը, որոնք արվել են, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել ու չի էլ թողնելու»,– ասաց նա։

Sputnik Արմենիա