Պեսկով․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիևի և Փաշինյանի հանդիպման անցկացմանը

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպման անցկացման համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ մինչև տարեվերջ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա։

Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպումից հետո որևէ փոխըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի։

Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Փաշինյանի հետ Բրյուսելում դեկտեմբերին նախատեսված հանդիպումը չի կայանա։ Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ Երևանը պատրաստ է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, բայց քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

News.am