Միրզոյան. ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը

ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք։ Այնուհետև կարող ենք դիտարկել նաև մնացածը»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով` բոլոր հնարավոր գործընկերներից մեկ ակնկալիք ունեն` հստակ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն։ Միրզոյանը շեշտեց` ակնկալում են նաև այդ արձանագրումից բխող գործողությունների ձեռնարկում։

Նախարարը նշեց նաև, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը նաև ռազմական ճանապարհով։

«Մենք ակնկալում էինք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները այս ոգով վերաբերվեն ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից։ Այժմ աշխատանքները շարունակվում են»,– ասաց նա։

Sputnik Արմենիա