Բրյուսովի համալսարանն արձագանքել է ռեկտորի վերաբերյալ հրապարակմանը

Վ. Բրյուսովի անվան համալսարանը պնդում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերաբերյալ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել։

«‎Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել է, որ Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:

«Հոդվածը նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին: Հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»,– ասված է բուհի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել բուհում, և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։

«ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղեկանքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա