«Ժողովուրդ». ԻՆՉ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի քննչական մարմիններում այս ընթացքում խառնաշփոթ է: Բանն այն է, որ քննիչները հայտնվել են լուրջ խնդրի առջև և իրենց վարույթներում քննվող քրեական գործերով չեն կարողանում քննության ավարտ հայտարարել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինների ղեկավարները հանձնարարել են քննիչներին իրենց վարույթներով առկա գործերով ավարտ հայտարարել և տարին ամփոփել, սակայն քննիչները նշել են, որ չեն կարող ավարտ հայտարարել, քանի որ ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տվել քրեական վարույթներով ողջ աշխատանքը ավարտել և այն դատարան ուղարկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ այլ իրականություն էլ կա. այս իրավիճակին զուգահեռ՝ որոշ քննիչներ էլ ստիպված մի շարք գործերով ավարտ են հայտարարել և արդարացել՝ ինչ կլինի հետագայում դատարանում, իրենք պատասխանատվություն չեն կրի: Այսինքն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին չեն կարողանում իրենց վարույթում առկա գործերի քննությունը ըստ պատշաճի իրականացնել և ավարտել»։