ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՅՍՕՐ ԳԵՆԵՐԱԼ ԴԸ ԳՈԼ Է ՊԵՏՔ
«ԳԱ»-ի զրուցակիցն է Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) հիմնադիր և նախկին ղեկավար, Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար Հիլդա ՉՈԲՈՅԱՆԸ: Նրա հետ հանդիպեցինք Գրենոբլում, ուր Ֆրանսիայի հայ համայնքի հայտնի գործիչը եկել էր հանդիպելու տեղի հանրության հետ։ Երեկոն, որին ներկա էր շուրջ 50 մարդ (գրեթե բոլորը՝ ֆրանսիացիներ), նվիրված Էր Հարավային Կովկասի իրողություններին՝ պատմական կտրվածքով, և ներկա իրավիճակին, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի պատճառների համատեքստում։
«Տարածաշրջանում երրորդ ուժ լինել չի կարող. կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա»
-Տիկին Չոբոյան, աշխարհաքաղաքական դասավորությունները երբեք առանձնապես բարեհաճ չեն եղել Հայաստանի նկատմամբ, բայց այսօր ստեղծված իրավիճակն աննախադեպ է թվում պետության և ազգի համար իր վտանգավորության աստիճանով։ Ո՞րն է, ըստ Ձեզ, հիմնական պատճառը:
-Ներկայիս իշխանությունները չափազանց անմիտ գտնվեցին թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերում։ Փաշինյանն ու իր թիմը կարծում էին, թե ժողովրդավարության դրոշի ներքո իրենց իշխանության գալուն պես՝ ողջ Արևմուտքն անմիջապես կնետվի օգնելու իրենց և կսկսի իրենց փոխարեն լուծել բոլոր խնդիրները։ Դա տեղի չունեցավ, ինչն ակնհայտ դարձավ շատ արագ։
Նման մոտեցումը բացարձակապես համարժեք չէր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին և Հայաստանի խնդիրներին։ Իշխանություններին թվում էր, թե հիմա ԵՄ-ից միլիոններ ու միլիարդներ են հորդելու Հայաստան, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա նրանք առանձնապես չեն էլ մտահոգվել նրա մասին։ Չէին հասկանում, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կարգավիճակը տարբերվում է Վրաստանից, որ այստեղ առկա է Ադրբեջանի և Թուրքիայի գործոնը։ Իսկ Վրաստանի դեպքում կար Ռուսաստանի գործոնը, և հենց այդ պատճառով էլ այդքան հզոր օգնություն էր ստացվում ԱՄՆ-ից, ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից։
Բայց մենք այսօր տեսնում ենք, որ ԵՄ-ն չի ցանկանում իր շարքերում ընդգրկել նույնիսկ Ուկրաինային, իսկ Վրաստանին այսքան տարիներ անց թեկնածուի կարգավիճակ էլ չեն տվել։ Ուրեմն ի՞նչ խոսք կարող է լինել Հայաստանի մասին։
-Այդուհանդերձ շատերը համոզված են, թե Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքական ուղենիշները և շրջվի Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է հիմնավորված նման դիրքորոշումը, որին ակնհայտորեն կողմ են նաև իշխանությունները, չկա՞ն արդյոք այստեղ մեր անվտանգությանը սպառնացող վտանգներ։
-Նման սպառնալիքներ, իհարկե, կան։ Սկսենք նրանից, որ Արևմուտքը, մասնավորապես՝ Եվրամիությունը, տարածաշրջանում բացակայում է, իսկ ԵՄ արտաքին քաղաքական հայեցակարգը չի համապատասխանում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքին և կարիքներին։ Եթե արևմտյան երկրները ցանկանային, իսկ ես նման բան չեմ տեսնում, պարզապես որպես միջնորդ մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, եթե ԱՄՆ-ը ցանկանար կանխել թուրքական սպառնալիքները Հայաստանի հասցեին, հավատացեք, նրանք անմիջապես կանեին դա։ Բայց այդպիսի բան չկա, ուստի պետք չէ կեղծ պատրանքներ տածել ու փորձել տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին։ Դա ինքնասպան քայլ կլինի Հայաստանի համար։
Հայաստանն, իհարկե, պետք է ձգտի որոշ հարցերում ազատվել Ռուսաստանից իր կախվածությունից և փոխգործակցել Արևմուտքի հետ։ Բայց պետք է կարողանալ խոսել այդ մասին Մոսկվայի հետ, որովհետև Ռուսաստանի քաղաքականությունը, հատկապես Պուտինի օրոք, եղել և մնում է կայսերական, կոշտ, զուրկ հանդուրժողականությունից։ Ես վստահ եմ, որ միայն մանևրելով ու խուսավարելով ուժի կենտրոնների միջև՝ Հայաստանը կարող է զարգացման հնարավորություններ ստանալ։
Երկրորդ. մենք՝ արևմտյան երկրներում ապրող հայերս, լավ գիտենք նրանց քաղաքականությունը Հայաստանի և Թուրքիայի նկատմամբ։ Անկարան մշտապես սպառնում է Եվրոպային ու ընդհանրապես Արևմուտքին և դրանով իսկ վախի մեջ պահում նրանց, միաժամանակ նաև պաշտպանելով Բաքվի շահերը։ Բայց չէ՞ որ Արևմուտքից ու Ռուսաստանից բացի՝ կա նաև Արևելքը, որի ուղղությամբ ՀՀ քաղաքականությունը միշտ էլ անբավարար է եղել, և սա վերաբերում է ոչ միայն ներկա իշխանությանը։ Բավարար կապեր չեն ստեղծվել, համագործակցությունը պատշաճ մակարդակով չի զարգացել։
Մինչդեռ այսօր Արևելքում վերելք են ապրում և ամրապնդվում հզոր ուժեր։ Բայց Հայաստանը նույնիսկ Իրանի հետ չկարողացավ առավելագույն փոխգործակցություն հաստատել։ Եվ Վրաստանի հետ էլ պետք է շատ ավելի սերտ ու ամուր հարաբերություններ ունենայինք։ Միգուցե դա էապես կապված էր Ռուսաստանի հետ, բայց Հայաստանն, անշուշտ, պետք է շատ ավելի ուժեղ ու գործունակ դիվանագիտություն ունենա և ավելի ակտիվ լինի արտաքին քաղաքական ասպարեզում՝ նույնիսկ եթե հաշվի առնենք առկա բոլոր բարդությունները։
Վերջապես, պետք է հստակ գիտակցել, որ եթե Հայաստանը ցանկանա ավելի սերտ կապված լինել Արևմուտքի հետ և օգնություն ստանալ այնտեղից, դա կարող է լինել միայն ի դեմս Թուրքիայի։ Երրորդ ուժ այստեղ լինել չի կարող. կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա։ Մինչդեռ ես տեսնում եմ երկրում բավական լուրջ փորձագետների, որոնք հույս ունեն, թե ԱՄՆ-ը կգա Հայաստան։ Իհարկե, վատ չէր լինի, բայց ո՛չ Հայաստանը, ո՛չ Սփյուռքը այդպիսի ներուժ չունեն։
-Ձեր կարծիքով, որքանո՞վ են իրավաչափ զուգահեռները 20-րդ դարասկզբի և այսօրվա իրադարձությունների միջև՝ այն առումով, որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա համաշխարհային տերությունները լուծել են իրենց խնդիրներն ու օգուտ քաղել Հայաստանի և հայի արյան հաշվին:
-Ե՛վ անցած դարի 20-ական թվականները, և՛ ներկա ժամանակները աշխարհաքաղաքական մեծ բեկումների և վերաձևումների ժամանակաշրջաններ են: Այո, իրավիճակը համանման է։ Բայց դա ոչինչ չի արդարացնում. մենք մշտապես գործում ենք նույն սխալը՝ ապավինելով ուրիշներին և անհասկանալի պատրանքներ տածելով:
Պետք է հստակ հասկանալ. եթե Ֆրանսիային պետք լինի, որ Հայաստանը վերանա, այդպես էլ կլինի։ Նույնը կարելի է ասել Ռուսաստանի, ԱՄՆ-ի մասին... Այնպես որ Հայաստանի իշխանությունները չպետք է հավատան այն հեքիաթներին, թե Արևմուտքը կամ Ռուսաստանը կգան ու կփրկեն մեզ։ Դա հենց իր՝ Հայաստան ինքնիշխան պետության քաղաքականության խնդիրն է։ Ռազմական գործողությունների առաջին իսկ օրից և դրանց ավարտից հետո իշխանությունները պետք է ինտենսիվ զինվեին։ Մանավանդ երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը, ելնելով սեփական շահերից, անհրաժեշտ ծավալի զենք չի մատակարարելու մեզ։ Չէ՞ որ հասկանալի է, որ Մոսկվան հիմա կաշկանդված է իր գործողություններում, ինչ-որ հարցերում կախված է Թուրքիայից, ընդ որում այնտեղ ուժեղ է թուրքական լոբբին։
Մինչդեռ մենք, Ռուսաստանում ունենալով հսկայական Սփյուռք, այդուհանդերձ չունենք այնտեղ ո՛չ լոբբիստական կառույցներ, ո՛չ էլ մեր մտավոր կենտրոնները՝ «մտածող տանկերը»։ Հետևաբար՝ չունենք նաև քաղաքական որոշումների և միտումների վրա ազդելու հնարավորություն։ Ցավոք, դրանով չի զբաղվել ոչ միայն ռուսաստանյան սփյուռքը, այլև հայկական պետությունը։
-Բայց անցած դարասկզբին մենք պետություն չունեինք, իսկ հիմա ունենք, և այդուհանդերձ ցեղասպանության կրկնության հնարավորությունը, թեկուզև այլ ձևով, առաջվա պես իրական է։
-Անշուշտ: Մենք միշտ ասել ենք. եթե չլինի Արցախը, չի լինի նաև Հայաստանը։ Հիմա հենց դա է տեղի ունենում։ Վաղուց և մշտապես խոսվել է Հայաստանի անվտանգության ապահովման գործում Արցախի առանցքային, անփոխարինելի դերի մասին։ Այսօր անվտանգությանը սպառնացող վտանգն ակնհայտ է։
«Սփյուռքում այսօր տիրող իրավիճակը ՀՀ իշխանությունների քաղաքականության հետևանքն է»
-Խոսենք Սփյուռքի մասին, որը վերջին տարիներին հայտնվել է միանգամայն այլ իրավիճակում և կարծես թե փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, պատմական Հայրենիք հասկացությունը, սերն ու օգնելու ցանկությունը ոչ մի տեղ չեն անհետացել, բայց տեսնո՞ւմ եք արդյոք Սփյուռքում այն պառակտումը, որն ակնհայտ է Հայաստանում, և ինչո՞վ է դա պայմանավորված:
-Նախ, այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, անդրադառնում է Սփյուռքի վրա, և այսօրվա իրավիճակը ՀՀ իշխանությունների քաղաքականության հետևանքն է։ Սփյուռքը բնավ միանշանակ և համակուռ երևույթ չէ։ Հայաստանի նախկին իշխանությունները կապեր էին պահպանում հիմնականում ցանցային՝ կուսակցական և եկեղեցական խոշոր կառույցների հետ, բայց համագործակցում էին նաև փոքր, բայց ակտիվ կազմակերպությունների հետ։ Ներկայիս իշխանությունը, խնդիրներ ունենալով Դաշնակցության հետ, որոշել է շրջանցել այդ ցանցային կազմակերպությունները, այդ թվում՝ եկեղեցական կառույցները, քանի որ Եկեղեցու հետ նույնպես հենց սկզբից լարված հարաբերություններ են ձևավորվել։
Հենց այս գործոններով է պայմանավորված ներկայիս կառավարության քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ, որտեղ նրանք նախընտրում են գործ ունենալ ոչ ինստիտուցիոնալ բնույթի կառույցների հետ։ Հարաբերությունների նախկին մոդելին նրանք հակադրել են իրենցը, որում տեղ չկա ձևավորված և լոբբիստական առավել մեծ հնարավորություններ ու ավանդույթներ ունեցող կազմակերպությունների համար։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին ՀՅԴ-ի մասին է։
-Սակայն դրա հետ մեկտեղ ակներև են նաև գաղափարական բնույթի խնդիրները, օրինակ՝ այն անվիճելի փաստը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր առաջնահերթություն չէ իշխանությունների համար, նրանք, մեղմ ասած, ընդհանրապես նշանակություն չեն տալիս դրան։ Նույնը վերաբերում է Արցախի միջազգային ճանաչմանը։
-Հենց այդ հարցերում է, որ ՀՅԴ-ն առանձնահատուկ ներդրում է ունեցել և ունի։ Եվ հենց ձեր նշած գործոններն է այսօր օգտագործում Թուրքիան, որպեսզի է՛լ ավելի մոտենա Հայաստանին ու «իրենով անի»։ Ներկայիս իշխանությունների օրոք տնտեսական, ինչպես նաև մշակութային ոլորտ թուրքական ներխուժման վտանգն, անկասկած, մեծ է և հստակ տեսանելի։ Այն ժամանակ, երբ ստորագրվում էին Ցյուրիխյան արձանագրությունները, դա այսչափ ակներև չէր, բայց այսօր բացահայտ խոսվում է այն մասին, որ պետք է խլացնել, այդ թվում՝ Սփյուռքում, Ցեղասպանության ճանաչման հարցը։
Նման բան արդեն եղել է Տեր-Պետրոսյանի օրոք և այսօր կրկնվում է։
Շարունակությունը՝ հաջորդիվ