ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՅՍՕՐ ԳԵՆԵՐԱԼ ԴԸ ԳՈԼ Է ՊԵՏՔ (Վերջաբան)
Հարցազրույցի սկիզբը՝ հղումով։
«ԳԱ»-ի զրուցակիցն է Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիայի (EAFJD) հիմնադիր և նախկին ղեկավար, Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար Հիլդա Չոբոյանը:
«Ֆրանսիացի նախարարը Սենատում հստակ հայտարարեց, որ ՀՀ իշխանություններն իրենց առջև Արցախի ճանաչման պահանջ չեն դնում»
-Փաշինյանն ու ընդհանրապես կառավարությունը ոչ մի կերպ չարձագանքեցին Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բանաձևերին, որտեղ կոչ էր արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը... Ինչո՞ւ։
-Դա, իհարկե, ուշագրավ փաստ է: Բայց ոչ պակաս հետաքրքիր է Ֆրանսիայի կառավարության արձագանքը։ Նրա ներկայացուցիչը՝ առևտրի նախարարը, խորհրդարանում շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց առջև նման պահանջ չեն դնում։
Ուզում եմ ընդգծել նաև, որ Հայաստանում որոշակի մոլորություն կա այդ բանաձևերի վերաբերյալ։ Մասնավորապես, արևմտամետ ուժերը վստահ են, թե դա Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն ու վճիռն է, չհասկանալով, որ կառավարությունում տեղի ունեցող գործընթացները չեն համընկնում պառլամենտի որոշումների հետ։ Իրական իշխանությունը կառավարության ձեռքում է, և օրենսդիրները չունեն գործադիր իշխանության վրա ճնշում գործադրելու առանձնակի գործիքներ:
Մենք այստեղ լավ հասկանում ենք, որ բանաձևերն ընդունվել են գլխավորապես հասարակական կարծիքի ճնշման տակ, որում գերակշռում է հայամետ դիրքորոշումը։ Այդ առնչությամբ կարելի է հիշել կոչը, որով հանդես եկան ֆրանսիացի մտավորականները 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, 2020-ի դեկտեմբերին, նրանց շարքում էին ամենահայտնի գրողներ, գիտնականներ, դերասաններ, երաժիշտներ... Ֆրանսիայում հասարակայնության դիրքորոշումը կարևոր է, և պառլամենտի որոշումները հիմնականում այդ տրամադրությունների արտացոլումն են։
Պետք է նշեմ նաև, որ, ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը՝ Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ։ Համայնքի աջակցությունը, իհարկե, եղել է, բայց նա շատ լավ է աշխատել։
-Կարո՞ղ են արդյոք այդ բանաձևերն ազդել Ֆրանսիայի իրական քաղաքականության վրա, թեկուզ փոքր չափով:
-Բանաձևերն ունեն զուտ բարոյական նշանակություն, ոչ ավելին: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կարելի է նկատել, որ ֆրանսիական կառավարությունը շարունակում է այն քաղաքականությունը, որը վարել է նաև պատերազմի օրերին. նրանք փորձում են անաչառ երևալ, թեև հայտարարում են Հայաստանին իրենց աջակցության մասին, խոսում են հայկական տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու անհրաժեշտության մասին և այլն: Բայց պետք չէ ակնկալել, թե նրանք հեռուն կգնան այդ աջակցության հարցում: Ի դեպ, Ազգային ժողովի բանաձևի տեքստն ավելի թույլ է, քան Սենատինը, որովհետև այն կազմել և ներկայացրել է իշխող խմբակցությունը, որն ավելի վաղ ձեռնպահ էր մնացել վերին պալատում քվեարկությունից։ Այսինքն այստեղ առկա է նաև ներքաղաքական մրցակցություն։
Բացի ամենից, ո՛չ Փարիզը, ո՛չ Եվրամիությունը բնավ այն հարթակը չեն, որտեղ կարող են լուծվել այդ հարցերը։
-Դե, Շառլ Միշելը նույնիսկ շատ էլ ակտիվ է…
-Նրանք չունեն այդ հնարավորությունները, փորձ չունեն այս տարածաշրջանում։ Միշելը ջանում է պարզապես միակցել Փաշինյանին ու Ալիևին, նա, ըստ էության, ընդամենը ասում է՝ դուք ինչ-որ կերպ պայմանավորվեք միմյանց հետ, իսկ մենք կամրագրենք ձեր պայմանավորվածությունները։ ԵՄ-ի համար Արցախի հարցը բացարձակապես կարևոր չէ, նրանք որևէ շահագրգռվածություն չունեն դրա լուծման հարցում։
-Փոխարենը նրանց համար կարևոր է ադրբեջանական գազը…
-Ադրբեջանական գազը մեծ հաշվով մեծ բլեֆ է։ Բաքուն նման ռեսուրսներ չունի, և ադրբեջանականի անվան տակ Եվրոպա է գնում ռուսական գազը։ Այդ մասին խոսում են բոլորը, իսկ փորձագետներն առճակատ հարց են տալիս ԵՄ պաշտոնյաներին. ո՞ւմ եք փորձում խաբել։ Բացի այդ, գազի գործարքում, կարծում եմ, մեծ է Թուրքիայի դերը, և դա պետք է ազեր-թուրքերին նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
«Թիմի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց իշխանության պետք է գան առողջ ուժեր, որոնք կարող են կրեատիվ քաղաքականություն վարել»
-Ինչպիսի՞ն պետք է լինի, Ձեր կարծիքով, հայության առաջին քայլը այս իրավիճակից դուրս գալու ճանապարհին:
-Շատ բարդ հարց է, քանի որ անհրաժեշտ են համակողմանի, համակարգային քայլեր, որոնք ժամանակ են պահանջում։ Հնարավոր չէ անել ինչ-որ բան, որն անմիջապես կլուծի խնդիրները։ Նախևառաջ՝ Հայաստանին պետք է գործունակ, կրեատիվ իշխանություն, քանզի ստեղծված հանգամանքները պարունակում են միաժամանակ և՛ մեծ վտանգներ, և՛ մեծ հնարավորություններ։ Հայաստանին այսօր գեներալ դը Գոլ է պետք, որպեսզի նույնիսկ ամենածանր հանգամանքներում կարողանա լիարժեք օգտագործել առկա հնարավորությունները։
Մեզ պետք է նախևառաջ գաղափարական առաջնորդ, ինչպիսին դեռևս չկա։ Գաղափարախոսության կրողներ երկրում, իհարկե, կան, բայց իշխանության մեջ նրանք չկան, ինչպես որ չկա այնտեղ նաև հայեցակարգ, ապագայի տեսլական։ Եթե այդ տեսլականը հանգում էր նրան, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է փրկեն Հայաստանը, ապա դա տապալվեց։ Տարօրինակ է, բայց նույնիսկ խելացի, կիրթ մարդիկ առ այսօր հավատում են, թե հենց նույն Մակրոնը կգա ու կփրկի իրենց։ Չհասկանալով, որ որպեսզի Ֆրանսիան օգնի Հայաստանին, երկրում պետք է լինի խելամիտ քաղաքականություն վարող թիմ։
Այդ թիմը չկա, մինչդեռ խնդիրներն օրըստօրե շատանում են, իրավիճակը գնալով բարդանում է, և անհրաժեշտ է չափազանց ճարտարամիտ, ստեղծագործ աշխատանք՝ խնդիրների այդ կույտը լուծելու համար։ Դրա փոխարեն իշխանությունների քաղաքականությունը կրում է կցկտուր, այսրոպեական բնույթ։
Նման իրավիճակներում հարկավոր է ազգային ուժերի համախմբում, և դա պետք է կազմակերպի իշխանությունը, որի վրա է ամեն դեպքում ընկած գլխավոր պատասխանատվությունը երկրում և երկրի հետ տեղի ունեցող ամեն ինչի համար։ Բայց փոխարենը՝ իրավիճակը գնալով ավելի է բարդանում ու ծանրանում:
-Այսինքն իշխանափոխությունը համարում եք անհրաժեշտ պայմա՞ն։
-Թիմի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց իշխանության պետք է գան առողջ ուժեր։ Եվ կրկնեմ, քաղաքականության մեջ չափազանց կարևոր է կառավարման նկատմամբ ճարտարամիտ, կրեատիվ մոտեցումը բոլոր ոլորտներում. արտաքին, իրավական, տնտեսական։ Ճանապարհներ կառուցելը, դպրոցներ վերանորոգելը և այլն՝ դա քաղաքականություն չէ, դա բացարձակապես բավարար չէ, մանավանդ աշխարհաքաղաքական այսպիսի ծանր պայմաններում գտնվող երկրում։ Միայն հիմա է կառավարությունը սկսել խոսել զենքի մասին. իբր՝ մենք վճարել ենք, բայց մեզ զենք չեն մատակարարել... Միայն հիմա են սկսել խոսել Հնդկաստանի մասին. հուսով եմ՝ գոնե այդտեղ ինչ-որ բան կստացվի։
Բայց դա նույնպես ակնհայտորեն բավարար չէ: Պետք է աշխատել նաև այլ երկրների հետ, պետք է ունենալ հստակ ծրագիր, սեփական ներուժի ու հնարավորությունների տեսլական, և ջանադրաբար աշխատել բոլոր ուղղություններով։ Գործող իշխանությունները դրան ընդունակ չեն։