Շոյգու․ Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում։ Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք բոլոր ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկկողմ համագործակցության զարգացմանը և Հայաստանի զինված ուժերի ներուժը մեծացնելուն ուղղված աջակցությանը»,-ասել է նա։
Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագիրը։
Շոյգուն նաև նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:
Իր հերթին, Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանդիպումն է։ «Մենք բարձր ենք գնահատում կայացած գագաթաժողովի կազմակերպման ձեր նախաձեռնությունն ու ջանքերը։ Դեկտեմբերն այն ժամանակն է, երբ պետք է ամփոփել և իմաստավորել ապագայի ծրագրերը։ Այսօր մենք կստորագրենք 2023 թվականի ծրագիրը»,-ասել է նա։
News.am