ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Դատելով ԱԺ-ում Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ճեպազրույցից, մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Ինչպես ասում է Միրզոյանը, կան «կողմերի համար անընդունելի մոտեցումներ»։

Հարկավ պիտի լինեն... Բաքուն պնդում է իր պահանջները. Արցախի Պաշտպանության բանակի զինաթափումը, արտատարածքային միջանցքը։ Եվ այն, որ Արցախի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ կապ ունենալ չի կարող, քանի որ, ըստ Ալիևի, Լեռնային Ղարաբաղ պարզապես գոյություն չունի։

Երևանը հայտարարում է, որ Արցախի Պաշտպանության բանակի հետ ընդհանրապես կապ չունի, պետք է որոշվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային ձևաչափը, իսկ Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղին կկառուցվի միայն այն ժամանակ, երբ Բաքուն փաստաթղթերով ընդունի, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհահատվածը լինելու է Երևանի լիակատար ինքնիշխանության ներքո։

Ալիևին դա չի կարող գոհացնել հենց թեկուզ այն պատճառով, որ նախկինում նա բազմիցս պարծեցել է, այդ թվում՝ Ռեջեփ Էրդողանի առջև, թե արտատարածքային միջանցքի հարցն ուր որ է կլուծվի, Իսկ Արցախի մասին կարելի է ընդհանրապես մոռանալ։ Ադրբեջանի նախագահը չի ցանկանում նահանջել, հետևաբար՝ բանակցությունները կարգելակվեն, ինչպեսև հայ-թուրքական բանակցությունները, որոնք Անկարան սերտորեն կապակցում է հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների հետ: Սա առավել հավանական սցենարն է առնվազն մինչև այս տարեվերջ, և իրավիճակը փակուղային է թվում, եթե իհարկե

Եթե իհարկե չլինի նոր ֆորս-մաժոր։ Երևանին ֆորս-մաժոր պետք չէ. ինչպես բազմիցս ասել են Փաշինյանի թիմի ներկայացուցիչները, իրենք մտադիր չեն բռնի ուժով վռնդել ադրբեջանցի զինվորականներին գրավված հայկական սահմանային դիրքերից։ Բացառապես հայտարարություններով…

Ստեղծված իրավիճակում Երևանը խաղաղության պայմանագրի հարցում շտապելու տեղ չունի, ինչ էլ որ այնտեղ ասի Փաշինյանը։ Քանզի, ինչպես նշում է Վազգեն Մանուկյանը և ոչ միայն նա, այլ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի գծով գրեթե բոլոր փորձագետները, կա ըմբռնում, որ նույնիսկ եթե Երևանը ստորագրի խաղաղության պայմանագիրն ադրբեջանական պայմաններով, դա ոչ մի երաշխիք չի տա Հայաստանի և առավելևս Արցախի անվտանգության համար։ Բացարձակապես ոչ մի: Այդ պատճառով էլ ստորագրել՝ իբր հանուն խաղաղության երևութական խոստումների, անիմաստ է։

Իսկ այ Բաքուն բոլորովին դեմ չէ ֆորսմաժորային նոր իրավիճակ ստեղծելուն, որպեսզի առաջ մղի իր պահանջները։ Հարցը գինն է։ Կգնա՞ արդյոք Ալիևը նոր ռազմական բախման, թե՞ առայժմ կսահմանափակվի Ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ պակաս ծախսատար սադրանքներով։ Օգտվելով այն հանգամանքից, որ Մոսկվան ցանկություն չունի վատթարացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի սադրիչները կոշտ հակահարված չեն ստանա խաղաղապահ զորախմբի կողմից։ Եվ դա, իհարկե, որոշակի բարդություններ է ստեղծում խաղաղապահ զորակազմի գործունեության համար, որին ուրիշ ոչինչ չի մնում, քան կենդանի շղթա կազմել բնապահպանների կամ լրագրողների անվան տակ Ալիևի ուղարկած սադրիչների հերթական խմբաքանակի առջև։

Երևանի համար վտանգն այն է, որ մենք խուսավարելու առանձնակի հնարավորություն չունենք։ Մեզ մնում է միայն սպասել և գուշակել, թե կգնա՞ արդյոք Բաքուն նոր մասշտաբային ահագնացման, ինչպիսին սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան էր, թե՞ կորոշի, որ զավթածը բավական է։ Կամ էլ, ամենայն հավանականությամբ, պարզապես կսպասի հարմար պահի: