Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Ամենամեծ պատրանքը, որ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը կարողացել է ներդնել հանրային գիտակցության մեջ, այն է, որ նրան, իբր, ընտրել է ժողովուրդը։ Նրան ընտրել է ժողովրդի միայն մի փոքր մասը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա գնահատմամբ՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններին չի մասնակցել մոտ 1 մլն մարդ։

«Բայց իշխանությունը դրանում համոզեց նույնիսկ ընդդիմադիր ազգային էլիտային։ Արդյունքում շատերը սկսում են իրենց հակադրել ժողովրդի հետ։ Անթույլատրելի է ազգային էլիտաները ժողովրդից տարանջատելը, քանի որ էլիտայի ամենագլխավոր գործառույթը ժողովրդին մոբիլիզացնելն է։ Հակառակ դեպքում դա էլիտան չէ։

Այսօր Հայաստանում ընթանում է ազգային և ապազգային էլիտաների պայքար։ Եթե երկրորդին հաջողվում է ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել, ապա դա առաջինների խնդիրն է։ Ազգային էլիտաները պետք է հասկանան իրենց սխալները ։ Ընդդիմությունը իրավիճակի գնահատման ինստիտուցիոնալ մեխանիզմներ չի ստեղծել»,-նշեց նա։

News.am