Իրանցի քաղաքագետ․ ՌԴ ԵՎ ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական ոչ մի փոփոխություն իր սահմաններում, Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է իրանցի քաղաքագետ Սեյյեդ Ռեզա Սադր ալ Հոսեյնին։
Նրա խոսքով, այս տարածաշրջանում հարևան երկրների մասնակցությամբ անվտանգության ապահովումը Կովկասում առկա կարևոր խնդիրներից է։
Խոսելով կովկասյան երկրների անկախության մասին՝ նա նշել է, որ այդ երկրները որոշակի կախվածություն ունեն Ռուսաստանից՝ կովկասյան տարածաշրջանում հասարակական անվտանգության ամրապնդման առումով։ Ըստ վերլուծաբանի՝ այնպիսի խոշոր հարևաններ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, փոքր երկրների օգնությամբ կարող են հստակեցնել տարածաշրջանի անվտանգության ընդհանուր համակարգը։
Ցավոք, այդ երկրներից մի քանիսն ավելի քիչ ուշադրություն են դարձնում հարևանության խնդիրներին և փորձում են արտատարածաշրջանային կապեր հաստատել անդրտարածաշրջանային երկրների օգնությամբ, ընդգծել է Սադր ալ-Հոսեյնին։ Օրինակ՝ Ադրբեջանը մերձենում է Թուրքիայի հետ՝ ճնշում գործադրելով տարածաշրջանի որոշ երկրների վրա, ինչպես Հայաստանի դեպքում է, ասել է մասնագետը՝ հավելելով, որ զորավարժությունների անցկացումը (Ադրբեջան և Թուրքիա) անշուշտ արդյունավետ չի լինի տարածաշրջանի անվտանգության պահպանման համար։
Փորձագետի կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգության հարցը միանշանակ կարող է լուծվել երկխոսության միջոցով։ Նա քննադատել է այն փաստը, որ որոշ երկրներ անվտանգության և ռազմական հարցերում դիմում են այլ երկրների օգնությանը`ընդգծելով, որ նման քայլերը միանշանակ կառուցողական չեն։
Ոչ մի երկիր, կառավարություն կամ ազգ չի ընդունի իր սահմանների փոփոխությունը, ասել է նա՝ հավելելով, որ պարտադրված պատերազմի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության պատմությունը ապացուցել է, որ չի ընդունի իր սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները։