Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՅՑԵՐՆ ԱՐՑԱԽ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ

Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի, հակառակ դեպքում Ադրբեջանը հետևողականորեն ներխուժելու է Արցախի ներքին կյանք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի իշխանությունը ուշացումով արձագանքել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մարտակերտի շրջանում հայտնված ադրբեջանցիների խնդրին:

Ըստ պարզաբանման, «մշտադիտարկման» նպատակով ռուս խաղաղապահներին ուղղված ադրբեջանցիների դիմումը Արցախի իշխանության և հանքարդյունաբերական ընկերության ղեկավարության հետ սահմանված կարգով չի քննարկվել, ըստ այդմ՝ ստացվում է, որ նրանց շարժն ու քայլերն առանց Արցախի իշխանության համաձայնությամբ է իրականացվել։

Եթե ընդունեք, որ պաշտոնական պարզաբանումն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա մի քանի հարցադրում է առաջանում։

Ինչպե՞ս է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը՝ առանց Արցախի իշխանության համաձայնության, ադրբեջանցիներին Արցախի տարածքում որևէ վայր ուղեկցում։

Երկրորդ, արդյո՞ք Արցախի իրավապահ համակարգը չի վերահսկում իր տարածքում ադրբեջանցիների հնարավոր մուտքն ու տեղաշարժը և ադրբեջանցիների ներկայությունը ֆիքսում այն ժամանակ, երբ արցախցիները Մարտակերտի հատվածում ճանապարհ են փակում։

Եթե ավելի վաղ է ֆիքսվել, ապա շատ ավելի վատ, եթե այն նախապես է ֆիքսվել և քայլեր չեն ձեռնարկվել։

Եթե ադրբեջանցիների շարժի մասին իմացել է միջին վիճակագրական արցախցին ու դրանց ճանապարհը փակել, ապա ինչպես կարող էին դրա մասին չիմանալ իրավապահ մարմինները։

Արդյո՞ք նման դեպքերում Արցախի նախագահը միայնակ է որոշում կայացնում, թե՞ դա կոլեգիալ որոշման հետևանք է։

Այս հարցը շատ կարևոր է, որովհետև այսպիսի առիթներ առաջին անգամ չեն առաջանում և վստահաբար առաջիկայում ևս ծանր ժամանակներ են սպասվում։

Արդյո՞ք Արցախի իշխանությունը խորը գիտակցում է, թե ինչ է իրականում ուզում Ադրբեջանը և ինչպիսի հնարավոր քայլեր են ձեռնարկվելու Արցախի դեմ։

Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի, հակառակ դեպքում Ադրբեջանը հետևողականորեն ներխուժելու է Արցախի ներքին կյանք։

Այս խնդիրը չէր առաջանա կամ այս ձևով ճնշում չէր լինի, եթե ամիսներ առաջ, Արցախի իշխանությունը չթույլատրեր ադրբեջանցիների մուտքը Սարսանգի ջրամբարի տարածք, ընդ որում՝ դա արել էր գաղտնի և հանրությունն այդ մասին իմացավ, երբ ադրբեջանցիներն այդ այցի վերաբերյալ ռեպորտաժներ հրապարակեցին։

Պետք է պատրաստվել Ադրբեջանի համակարգային սադրանքներին և տարբեր իրավիճակներին արձագանքել նախապես մշակված փաթեթներով»։

News.am