Արցախի պետական մարմինները միջոցներ են ձեռնարկում Լաչինի իրավիճակի կարգավորման ուղղությամբ

Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Նման հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը` անդրադառնալով Լաչինի միջանքը փակելուն։

Հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

«Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անընդունելի է ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը։ Միաժամանակ`շտաբը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:

Հավելենք, որ ադրբեջանցիները հանդիպում են պահանջել Արցախում տեղակայած ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ՝ պնդելով բնական պաշարների շահագործման անթույլատրելիությունն Արցախի երկու հանքավայրում։

Sputnik Արմենիա