Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱՐՑԱԽԸ ԱՀԱԲԵԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավելի քան 120 հազար արցախցիների սպառնում է ցեղասպանության ուղղակի վտանգը։ Միջազգային հանրությունը խոսելու փոխարեն պետք է գործի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ մեկնաբանելով «բնապահպանական ցույցերի» քողի տակ ադրբեջանական կողմի սադրանքները։
«Ադրբեջանն օգտագործում է բնապահպանության թեման Արցախը ահաբեկելու համար։ Ի՞նչ կապ կա բնապահպանական խնդիրների և ճանապարհները փակելու միջև։ Հենց այս պահին 120 հազար արցախցի զրկված է հումանիտար խնդիրներ լուծելու հնարավորությունից։ Եթե հիմա Ստեփանակերտում ինչ-որ մեկին շտապ անհրաժեշտ լինի տեղափոխել Երևանի հիվանդանոց, ապա դա ուղղակի անհնար է, էլ չասած դեղերի առաքման և այլ հումանիտար խնդիրների լուծման մասին։ Սա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է»,- ասել է օմբուդսմենը:
Ստեփանյանը նշեց, որ «համաժողովին (Երևանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողով) բոլորը գեղեցիկ խոսքեր են ասում, իսկ ես ասում եմ՝ ոչ թե պետք է խոսել, այլ գործել։ Նրանցից գրեթե ոչ ոք Արցախում չի եղել, ես պետք է խնդրեմ նրանց գալ և կանխելցեղասպանության փորձերը»։
Պատասխանելով հարցին, թե ինչ վրաններ են ադրբեջացնիները փորձում տեղադրել Լաչինի միջանցքում՝ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ դրանք սովորական վրաններ են։ Ակցիային մասնակցում է առավելագույնը 30 «բնապահպան»։
«Նրանց գործողությունները ուղղված են խաղաղապահների դեմ։ Այդ մասին են վկայում տեղեկատվական միտումները՝ ադրբեջանցի լրագրողների սադրանքները։ Խնդիր է դրված՝ վարկաբեկել խաղաղապահներին և հող նախապատրաստել առաքելությունը չերկարացնելու համար։ Այժմ բնապահպանների հետ կապված հարցը փորձում են կարգավորել խաղաղապահները։ Դա տրամաբանական է, քանի որ նրանք պատասխանատու են Լաչինի միջանցքում անվտանգության համար», - նկատեց Ստփանյանը։ Միաժամանակ օմբուդսմենն ընդգծեց, որ դեմ է հանդես գալիս որևէ պայմանավորվածություններին և ադրբեջանցիներին մոնիթորինգներ անցկացնելու թույլտվությանը։
«Ոչ մի մոնիթորինգ։ Արցախը դե ֆակտո պահպանում է իր անկախությունը։ Արցախում կան բնապահպաններ։ Ավելին, Արցախում արդեն հայտարարել են, որ պատրաստ են ընդունել միջազգային փորձագետների։ Բայց չի կարելի համաձայնել Բաքվի պահանջների հետ։ Սցենարը մեզ համար պարզ է՝ հիմա մի բան, հետո՝ մեկ այլ բան, չի կարելի տեղի տալ»,- եզրափակեց Արցախի օմբուդսմենը։